Այսօրվա Թուրքիան տարբերվում է 5-10 տարի առաջվա Թուրքիայից՝ ավելի ագրեսիվ է և ավելի անպատիժ․ Սուրեն Սարգսյան

Ակնհայտ է, որ այսօրվա Թուրքիան տարբերվում է 5-10 տարի առաջվա Թուրքիայից՝ իր ներգրավվածությամբ միջազգային և տարածաշրջանային պրոցեսներում, ավելի ագրեսիվ է, ավելի անպատիժ է այսօր Թուրքիան։ Այս մասին այսօր «Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւն, թե անգրագիտություն» խորագրով համաժողովի ժամանակ ասաց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի գործողություններին պատերազմից առաջ։

«Հայ-թուրքական հարաբերությունները Վաշինգտոնի համար միշտ եղել է առաջնահերթություն, քանի որ ԱՄՆ-ը հաշվարկում էր՝ մեր տարածաշրջան իր ազդեցությունը կարող է ներս բերել Թուրքիայի դարպասներով, հիմա հասկանում են, որ անհնար է։ Կա ընկալում, թե Թուրքիան ամերիկացիների համար որպես անառակ որդի է, որը հեռացել է, բայց վերադառնալու է»,-ասաց բանախոսը։

Սուրեն Սարգսյանն ասաց, որ եթե հայ-թուրքական սահմանները բացվեն, Ադրբեջանի հետ հարցերը կարգավորվեն, ապա շատ բնական հարց է առաջանալու՝ ի՞նչ է անելու այստեղ ռուսական ռազմաբազան։

Անդրադառնալով պատերազմի օրերին ԱՄՆ-ի պահվածքին, նա նշեց, որ ԱՄՆ-ը պատերազմի օրերին բավականին ծանր վիճակում էր գտնվում՝ պայմանավորված կորոնավիրուսով և ընտրություններով։

«Այս ծանր պայմաններում ԱՄՆ-ը հաստատ չէր մտածելու Հայաստանի մասին»,-ասաց նա և նկատեց, որ ԱՄՆ-ը չէր խանգարում Մոսկվային:

Միջազգայնագետը նշեց, որ ընդհանրապես պատերազմը ռազմական գործողություններ են, ռազմական բախում և դիվանագիտություն։

«Եթե ուզում ես պատերազմում պարտվել, ապա պետք է նախ բանակդ կազմաքանդես, այնուհետև՝ քո արտաքին գործերի նախարարությունը, և ապահովված է քո պարտությունը։ Մեզ մոտ շատ տիպիկ իրավիճակ էր այդ առումով, և այդ պրոցեսը շարունակվում է»,-ասաց նա։