Անցկացվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստ

Հոկտեմբերի 28-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի լիագումար նիստ: Այն վարում էր ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Արցախի ԱԺ-ից  հայտնում են, որ նիստը մեկնարկեց լռության րոպեով՝ ի հիշատակ Արցախյան երրորդ պատերազմում զոհված հայորդիների: Այնուհետև ԱԺ խոսնակը անդրադարձավ համավարակի վտանգներն՝ կոչ անելով կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել:

Անցնելով օրակարգի հարցերին՝ պատգամավորները նախ քննարկեցին «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինափաթեթը: Այն ներկայացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

Առաջարկվող փոփոխությունները վերաբերվում են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության  պարբերականությանը, տեխզննության կտրոնի փոխարինմանը արատորոշման քարտով:

Նախագծով տեխնիկական զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին տրամադրում է Արցախի Հանրապետության կառավարության սահմանած նմուշի արատորոշման քարտ, իսկ տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալները և տեխնիկական զննության արդյունքներն առցանց եղանակով փոխանցում է տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի էլեկտրոնային շտեմարան:

Պատգամավորների  հարցադրումներից ու հիմնական զեկուցողի պարզաբանումներից հետո  19 կողմ, 7 դեմ ձայների համամասնությամբ օրինափաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Թեև այն արդեն անցել էր հանձնաժողովային քննարկման փուլը, և  ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը  դրական էր :

Հաջորդիվ քննարկվել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցողը ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանն էր: Նա հիմնավորեց փոփոխության անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ այն միտված է տնտեսվարող սուբյեկտների բեռի թեթևացմանը:

Համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի՝ 2021 թվականի հունվարի 1-ից առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունն ենթակա է լիցենզավորման:

Նշված գործունեության կազմակերպման համար «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված է պետական տուրք Ստեփանակերտ քաղաքում՝ 500 000 դրամի չափով, շրջկենտրոններում՝ 100 000 դրամի չափով, շրջկենտրոններից դուրս՝ 50 000 դրամի չափով:

Սակայն, հաշվի առնելով արցախյան 44 օրյա պատերազմի տնտեսական ծանր հետևանքները,նախաձեռնության հեղինակները  նպատակահարմար են գտնում  երկարաձգել առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման պահանջի ուժի մեջ մտնելու ժամկետը և նշված գործընթացը սկսել 2026 թվականի հունվարի 1-ից:

ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը քվերակության դրվեց: 27 կողմ ձայնով խորհրդարանը  հավանություն տվեց օրենսդրական  նախաձեռնությանը :

Լիագումար նիստը եզրափակվեց պատգամավորական հայտարարություններով: Հնչեց 4 հայտարարություն Գագիկ Բաղունցի, Գեղամ Ստեփանյանի, Սեյրան Հայրապետյանի և Մետաքսե Հակոբյանի կողմից: