Պատերազմի ողբերգական հետևանքների հիմքը դրվել է սեպտեմբերի 25-ին․ Տիգրան Աբրահամյան

«Նիկոլ Փաշինյանը խոստովանում է՝ եղել են լուրջ գործոնների առկայություն և երկիրը համապատասխան ռեժիմի չի բերվել, ըստ էության՝ սրանով արձանագրելով, որ պատերազմում այսպիսի ողբերգական հետևանքների հիմքը դրվել է հենց սեպտեմբերի 25-ին և դրվել է հենց Փաշինյանի պատասխանատվության, մեղավորության արդյունքում, այսինքն այդ գործողությունները չկիրառելու արդյունքում»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե սեպտեմբերի 27-ից մեկ-երկու օր առաջ ինչ-որ ռադիոկլանում էր տեղի ունեցել, որն այդ առումով վստահելի էր թվացել։

Տ. Աբրահամյանի խոսքով, բացի այդ ռադիոկլանումից, մինչև սեպտեմբերի 27-ը տեղի էին ունենում գործողություններ, որոնք խոսում էին պատերազմի սանձազերծման մասին. «Տավուշյան հայտնի իրադարձություններից հետո Թուրքիան և Ադրբեջանը գնում էին ծավալուն զորավարժությունների ճանապարհով, ընդ որում տարբեր մակարդակներով, դրան հետևում էր Ադրբեջանի և Թուրքիայի միջև քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական դաշտում քաղաքականությունների ներդաշնակեցման գործընթաց, ֆիքսվում էր, որ Թուրքիայից մեծածավալ զինամթերք, սպառազինություն է տեղափոխվում Ադրբեջան, սրան զուգահեռ տեղեկատվություն է փոխանցվում վարձկանների, տարբեր ծայրահեղականների՝ դեպի Ադրբեջան տեղափոխությունների մասին։

Ադրբեջանում հայտարարվում է ընդհանուր մոբիլիզացիա, ոչ միայն մարդկային ռեսուրսներն են մոբիլիզացվում, այլև տեխնիկական միջոցեր, բեռնատարներ, դրան զուգահեռ այդ պահին Հայաստանի վարչապետի կարգավիճակում գտնվող անձը ստանում է ռադիոհետախուզության տեղեկատվությունն այն մասին, ընդ որում նա ֆիքսում է՝ դա եղել է 2 օր առաջ, բավականին վստահելի, գումարում ենք այս շատ կարևոր գործոնը մյուս գործոններին և փաստացի, եթե ոչ ամբողջությամբ, ապա բավականին մոտ է թվում մարտական գործողությունների ծավալումը»։

Նա ընդգծեց՝ նման իրավիճակում, եթե նույնիսկ չկա 100 տոկոսանոց երաշխիք, որ մարտական գործողությունները ծավալվելու են, բայց կան մեծ թվով վստահելի գործոններ, որոնք խոսում են պատերազմի սանձազերծման մասին, ապա նորմալ իշխանություն, նորմալ պաշտոնյաներ ունեցող պետությունը միանշանակորեն խաղաղից անցում է կատարում պատերազմական ռեժիմի։

«Այսինքն, սա նշանակում է, որ այդ պահին այդ իրավիճակում նվազագույնը սեպտեմբերի 25-ի դրությամբ պաշտպանության բանակի, որպես հարվածի գլխավոր ուղղության և ՀՀ պաշտպանության նախարարության բանակային կորպուստները պետք է բերվեին համապատասխան մարտական վիճակի, տեղի ունենար ամբողջական զորքերի ծավալում, զորքերը պահպանությունից անցնեին պաշտպանության, զուգահեռ տեղի ուներ մոբիլիզացիա, այսինքն՝ պետական կառավարման համակարգը պետք է անցներ համապատասխան ռեժիմի»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։