Պատերազմից հետո նամակ գրեցի Վլադիմիր Պուտինին, քանի որ գիտեի, որ այդ քարտեզները պահվում են ՌԴ-ում․ Արմեն Սարգսյան (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին։ Այս մասին տեղեկացրել է նախագահի աշխատակազմը։

Նախագահը պատմել է, որ պատերազմից հետո ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինին նամակ է գրել։

– Պատմական փաստերի մասին. Դուք երևի թե լսել եք նախագահ Պուտինի հայտարարությունը «Վալդայ» ակումբում, որտեղ նա ասաց, որ պետք է նայել Գլխավոր շտաբի՝ 1920-ականների քարտեզները, որոնք առկա են Ռուսաստանում , և դրա հիման վրա տարածքի սահմանազատում կատարել: Կա՞ հայտարարության վերաբերյալ որևէ գնահատական: Արդյո՞ք համաձայն եք այդ հայտարարության հետ:

– Պատերազմից հետո ես նամակ գրեցի Վլադիմիր Պուտինին, քանի որ գիտեի, որ այդ քարտեզները պահվում են Ռուսաստանի Դաշնությունում: Իհարկե, չգիտեմ, թե հստակ որտեղ:

– Նա ասաց՝ Գլխավոր շտաբում:

– Ուրեմն՝ Գլխավոր շտաբում: Պատերազմը կանգնեցնելու առաջին իսկ օրվանից մեծ խնդիրներ ի հայտ եկան: Դրանք մեծամասամբ կապված էին այն գյուղերի հետ, որոնք գտնվում էին այդ գործողությունների սահմանին: Կապված էին ընկերությունների հետ, որոնք ևս այդ գծի վրա էին, այդ թվում և՝ ընկերություններ, որոնց սեփականատերերը ՌԴ քաղաքացիներ են: Դրանք հանքային ընկերություններ էին, և այժմ պարզ չէ՝ հանքերը ա՞ջ, թե՞ ձախ կողմում են: Այդ ժամանակ ես Վլադիմիր Պուտինին նամակ գրեցի, որ քարտեզները պահպանվում են: Մինչդեռ Ադրբեջանը օգտագործում է Google-ի ինչ-որ քարտեզ: Ես մաթեմատիկա ու ծրագրավորում գիտեմ, կարող եմ նկարել այնպես, որ Google-ում հայտնվի Դիլիջանի այնպիսի քարտեզ, որը հասնում է այնտեղ, որտեղ Ձեզ պետք է: Դրանք վիրտուալ քարտեզներ են:

Մենք ունենք պատմություն, ընդհանուր պատմություն՝ Ռուսական կայսրությունում, Խորհրդային Միությունում: Այդ հարցերով զբաղվում էին դեռ խորհրդային ժամանակներում: Եթե ես չեմ սխալվում՝ սկսած 1984 թվականից ստեղծվել էր հատուկ հանձնաժողով, որը երկկողմ էր՝ Մոսկվան ու ևս երկու կողմ, փոխվարչապետերի մակարդակով: Այն ժամանակ նրանց անվանում էին Հայաստանի ԽՍՀ և Ադրբեջանի ԽՍՀ կառավարությունների ղեկավարների տեղակալներ: Եթե չեմ սխալվում, այդ հանձնաժողովն աշխատել է 4-5 տարի: Այնտեղ, կարծում եմ, ինչ-որ բաներ են ստորագրվել: Իհարկե, վերջնական փաստաթուղթ չի եղել: Այդ փաստաթղթերը ևս գտնվում են ինչ-որ տեղ Մոսկվայում:

Հասկանալի է, որ այս հարցն անհնար է լուծել առանց Ռուսաստանի:

 – Ես հենց ուզում էի դա հարցնել՝ արդյոք հնարավո՞ր է լուծել հայ-ադրբեջանական հարցն առանց Ռուսաստանի մասնակցության: Հնարավո՞ր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրենք իրար հետ պայմանավորվեն:

-Հարցը վերացական է: Իրական կյանքում պայմանավորվելուց առաջ կան փոքրիկ, բայց կողմերի համար շատ կարևոր հարցեր: Մեզ՝ հայերիս համար դա նախ և առաջ ռազմագերիների վերադարձն է: Եթե Ադրբեջանն անի այդ քայլն ու վերադարձնի երիտասարդներին իրենց ընտանիքներին… Գիտեք, դա շատ ծանր հարց է, ես հանդիպում եմ այդ ընտանիքների հետ: Ամեն ընտանիք առանձին դրամա է: Ընդ որում, հանդիպում եմ ոչ միայն ռազմագերիների, այլև անհետ կորածների ընտանիքների հետ: Նրանք ապրում են դժոխքի ու դրախտի միջև գտնվող կարմիր գծի վրա: Մի օր դրախտ է, մյուս օրը՝ դժոխք: Բաքվում դատական գործընթացներ են տեղի ունենում, տեսնում են այդ տեսանյութերում իրենց ամուսիններին կամ որդիներին…

Հիմա կա ձևաչափ, բանակցություններ են ընթանում: Իմ խնդրանքն ու առաջարկը շարունակում է մնալ նույնը՝ վերադարձրեք տղաներին տուն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում