ՀՀ կառավարության որոշմամբ Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 13.5 մլրդ դրամ

ՀՀ կառավարության որոշմամբ Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 13.5 մլրդ դրամ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում նշել է, որ սա նույնաբնույթ արդեն 5-րդ միջոցառումն է. ընդհանուր առմամբ 2020 թ. առ օրս Արցախին է փոխանցվել գրեթե 120 մլրդ դրամի աջակցություն:

Միջոցառման շրջանակում 1,3 մլրդ դրամ  տրամադրվելու է անհատույց և ուղղվելու է 2021 թ. նոյեմբեր ամսին Արցախի բնակչության էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ֆինանսավորմանը:

Նախագծով նախատեսվում է նաև տրամադրել միջպետական վարկ՝ Արցախի Հանրապետությանը 12,2 մլրդ դրամի չափով՝ Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեով նախատեսված նոյեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի, պարտատոմսերի մարման նպատակով։ Միջպետական վարկը Արցախի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001% տոկոսադրույքով՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով։

Որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի դրույթներից և միտված է Արցախի հետպատերազմյան վիճակի վերականգնմանը, տնտեսական կյանքի աշխուժացմանը և տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը: