Հայաստանում երկու բանտ կփակվի․ կկրճատվի 280 հաստիք

Հայաստանի կառավարությունը փակում է «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 28-ի նիստի օրակարգում։

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարեց, թե այս որոշումով 2022 թվականին կխնայվի 1 միլիարդ 200 միլիոն դրամ:

Նախարարը նշեց, որ կրճատվելու է 280 հաստիք, ինչը կարող է առաջացնել որոշակի դժգոհություն. «Բայց մենք խնդիր ունենք որոշակի վեթինգ իրականացնել ՔԿՀ-ում, այդ 280 մարդկանցից 70-ը տեղափոխվելու է այլ ՔԿՀ աշխատանքի, 50-ը տեղափոխվելու է Պրոբացիայի ծառայություն, իսկ մնացածը՝ կադրերի ռեզերվում», – ասաց արդարադատության նախարարը:

Որպես որոշման հիմնավորում նշվում է այս երկու քրեակատարողական հիմնարկների թերբեռնվածությունը, նաև՝ Երևանում նոր քրեակատարողական հիմնարկ կառուցելու նպատակը։ Բացի «Հրազդան» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկների փակումից, կառավարությունը մտադիր է փակել նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկն ու Դատապարտյալների հիվանդանոցը՝ դրա փոխարեն կառուցելով միջազգային չափանիշներին համապատասխան նոր կալանավայր՝ ներառելով նաև ստացիոնար հիվանդանոց, իսկ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը, որ ներկայում գտնվում է Ազգային անվտագության ծառայության շենքի ներքնահարկում, կտեղափոխվի «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ։

Ինչպես նշված է որոշման հիմնավորումներում, «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի համալրվածությունը կազմում է 73 տոկոս և խնդրահարույց պահման պայմաններ ունի այն տեսակյունից, որ հարևան բնակելի շենքերի հետ համեմատ՝ ունի մի քանի մետր հեռավորություն, ինչը նպաստում է արգելված իրերի ներթափանցմանը: ՔԿՀ-ի բյուջեն կազմում է մոտ 500  միլիոն դրամ։

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի համալրվածությունը, ըստ արդարադատության նախարարության, մոտ 11 տոկոս է՝ այնտեղ պահվում է 66 անձ։ ՔԿՀ-ի բյուջեն 677 միլիոն դրամ է։