ՀՀ-Ադրբեջան հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում. Արարատ Միրզոյան

Այս պահին որևէ հանդիպում այդ ֆորմատով նախատեսված չէ: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի այն դիտարկմանը, որ մամուլում լուրեր են տարածվել, թե նոյեմբերի 9-ին հանդիպում է նախատեսված ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև:

«Շրջանառվում էր փաստաթղթերի մասին տեղեկատվություն, որ դրանք վերաբերելու էին դելիմիտացիային և դեմարկացիային, նաև՝ կոմունիկացիաներին»,-ասաց Ղազարյանը:

Միրզոյանը հայտարարեց. «Միևնույն ժամանակ, պարբերաբար, գրեթե մշտական բնույթով քննարկվում են տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, և, ենթադրաբար, այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում, բայց նաև անդրադառնալով եղած հրապարակումներին՝ ուզում եմ ասել, որ երկու քննարկված բովանդակությամբ փաստաթղթերի ստորագրում, անշուշտ, չի նախատեսվում»,-ասաց նախարարաը՝ նշելով, թե այդ հանդիպումները բազմաթիվ կիրառական նշանակություններ ունեն:

«Այդ հանդիպումները մեզ համար հնարավորություն են՝ թուլացնելու լարվածությունը տարածաշրջանում և փորձելու ջանքեր գործադրել՝ ավելի երկարատև կայունություն և խաղաղություն ապահովելու ուղղությամբ: Այդպիսի հանդիպումների առաջարկներ տարբեր ֆորմատներով կան, այդպիսի հանդիպումների արդյունքում սովորաբար լինում են համաձայնեցված տեքստերի հրապարակումներ: Այն, ինչ քննարկվել է մամուլում օրեր առաջ, որևէ այդպիսի բան նախատեսված չէ»,-ասաց նա:

ԱԳ նախարարն ընդգծեց՝ բանակցությունները ենթադրում են որոշակի գաղտնիություն, և հավելեց. «Ես ուզում եմ երեկվա, այսօրվա և վաղվա համար ասել, որ բոլոր այդտեսակ, փակ դռների հետևում վարվող բանակցություններում, քննարկումներում, խոսակցություններում մեր դիրքորոշումները 100 տոկոսով համապատասխանում են մեր քաղաքական թիմի, ՀՀ վարչապետի և մյուսներիս կողմից հրապարակավ հայտնած դիրքորոշումներին, որևէ միլիմետր չեն նահանջում այդ դիրքորոշումներից և ավելի էլ չեն»: