ՊՆ-ն էլ այն կազմակերպությունը չէ, որ դուք ինչ ուզեք, հարցնեք, մենք էլ ինչ ուզենք, պատասխանենք. Արշակ Կարապետյան

«Նիկոլ Փաշինյանը նոր հայտարարեց, որ 2020 թվականի դեկտեմբերից մեր զորքերը կանգնած են Փելասարում, բայց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ զորքերը կանգնում էին այնտեղ, որտեղ կանգնած էին»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը և հիշեցրեց, որ Կապանում հայկական զորքերը մինչ այդ կանգնած էին 10 կմ ավելի առաջ:

Պատգամավորը նաև հայտնեց, որ հոկտեմբերի սկզբին ՊՆ-ին հարցում էր ուղարկել պարզելու համար, թե 2020 թվականի դեկտեմբերի 17-18-ը հայկական զորքերի հետքաշման համար եղե՞լ է գրավոր հրաման և ո՞ւմ կողմից, ինչպես նաև ցանկացել  է պարզել, թե ինչի՞ հիման վրա է նման որոշում կայացվել, և այդ մասին ՀՀ ԶՈւ-ի կողմից ստորագրվե՞լ է որևէ փաստաթուղթ:

Տեղեկացնելով, որ հարցումից մեկ ամիս հետո ՊՆ-ից ստացել է պատասխան այն մասին, որ այդ հարցերն իր լիազորություններից դուրս են՝ Գեղամ Մանուկյանը կառավարությանը հարցրեց, թե ո՞ւմ ուղղի իր այդ  հարցերը՝ ԿԳՄՍՆ-ի՞ն, թե Առողջապահության նախարարությանը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փորձեց շրջանցել հարցը՝ պնդելով, որ հարց չի հնչել և պատգամավորը գրավոր պետք է ներկայացնի իր ասածը:

Սակայն կառավարությունից հուշեցին, որ պաշտպանության նախարարը կպատասխանի, որից հետո միայն Սիմոնյանը ամբիոն հրավիրեց նախարար Արշակ Կարապետյանին:

«Դուք ոնց որ թե ԱԺ-ում հանձնաժողով եք ստեղծել, այդ հանձնաժողովն իր աշխատանքը կավարտի և դուք ձեր բարձրացրած հարցերի պատասխանները պետք է ակնկալեք ձեր կողմից ստեղծված հանձնաժողովից»,-ասաց նախարարը հավելելով,  որ եթե նորից նույն հարցը գրեն, ապա նույն պատասխանն են ստանալու ՊՆ-ից:

Գեղամ Մանուկյանը նախարարին տեղեկացրեց, որ 44-օրյա քննիչ հանձնաժողով ձևավորված չէ, ձևավորվելուց հետո էլ այդ հանձնաժողովը քննելու է մինչև նոյեմբերի 9-ի դեպքերը, իսկ ինքը հարցնում է դեկտեմբերի 17-18-ի գործողությունների մասին:

««Հայաստան» խմբակցության պատգամավոր, պարոն Արթուր Սարգսյանը երեկ ասաց, թե ինչպես է Վաղարշակ Հարությունյանը բանավոր հրամայել զորքերը հետ քաշել»,-տեղեկացրեց Մանուկյանը և հարցրեց, թե ինչի հիման վրա է նման հրաման տրվել:

«Պաշտպանության նախարարությունն էլ այն կազմակերպությունը չէ, որ դուք ինչ ուզեք հարցնեք, մենք էլ ինչ ուզենք պատասխանենք, մենք եթե պատասխանում ենք, ուրեմն պետք է հիմնավոր պատասխանենք, իսկ դուք մեր լիազորություններից տարել եք այդ պատասխանը»,- պատասխանեց Արշակ Կարապետյանը: