Ազգային ժողովի հայտարարության նախագիծը չի ընդունվել

Ազգային ժողովի հոկտեմբերի 27-ի նիստում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը:

Ազգային ժողովի տեղեկացամամբ,  քվեարկությամբ ընդունվել են նախորդ օրն առաջին ընթերցմամբ քննարկված Կառավարության հեղինակած ««ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագծերը:

«Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության տեքստը ներկայացրել է Տիգրան Աբրահամյանը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տեղեկացրել է, որ խորհրդարանական քաղաքական մեծամասնությունը որևէ կերպ ներգրավված չի եղել հայտարարության կազմման գործընթացում: Նա շեշտել է, որ որևէ խնդիր չեն տեսնում հայտարարության մեջ տեղ գտած Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմին, իրականացված պատերազմական հանցագործություններին, հակամարդկային գործողություններին վերաբերող թեզերում և դրույթներում: Ավելին, խորհրդարանական մեծամասնությունը, ինչպես նաև գործադիրն աշխատում են նշված հարցերի միջազգային հանրայնացման և առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ: Սակայն, ըստ Հայկ Կոնջորյանի, հայտարարության մեջ տեղ են գտել նաև անընդունելի ներքաղաքական բովանդակության ձևակերպումներ: Հետևաբար, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:

ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը չի ընդունվել:

Խորհրդարանը շարունակել է ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների  առաջարկած ««Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» ԱԺ որոշման նախագծի քննարկումը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն արձանագրել է, որ անհրաժեշտ է վերականգնել  համահայկական կարևոր նախաձեռնության նկատմամբ վստահությունը, բացահայտել ապօրինությունները, անօրինականությունները՝ մեղավորներին ենթարկելով պատասխանատվության:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է քննիչ հանձնաժողովի գործառույթներին: Նա ընդգծել է, որ հանրությանը հետաքրքրող ցանկացած հարց դիտարկման, վերլուծությունների, ուշադրության ներքո է գտնվում:

Եզրափակիչ ելույթում Հայկ Մամիջանյանը նշել է, որ նպատակը իրենց ձայն տված քաղաքացիների հարցերի պատասխանները գտնելն է:

ԱԺ որոշման նախագիծը քվեարկությամբ ընդունվել է: