Նոյեմբերի 9-ին ընդառաջ իշխանությունն անցնում է կարմիր գծերը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ Բագրատ Եսայանը:

Բագրատ Եսայանի հետ խոսեցինք այսօր Գեղամ Մանուկյանին՝ «Արցախ ուրացողը դավաճան է» արտահայտության համար ուժով ԱԺ ամբիոնից հեռացնելու, խորհրդարանական ընդդիմության արձագանքի, և ընդհանրապես ԱԺ-ում իշխանության դրևսորած ագրեսիվ վարքագծի մասին։ Ըստ բանախոսի՝ նման դրսևորում չի նկատվել նաև Խորհրդային Միության վերջին շրջանում, չի եղել մի դեպք, որ որևէ մեկին բռնի հեռացնեն ամբիոնից․ «Նույնիսկ ակադեմիկոս Սախարովին, որն այն ժամանակվա երկրի ղեկավարին՝ Գորբաչովին, ամենաարմատական ընդդիմացող հասարակական և շատ հայտնի համաշխարհային դեմքերից մեկն էր, փորձեցին լռեցնել ծափերով, ոտքերի դոփյուններով»։

Նա նաև նկատեց, որ իշխանությունը մինչ օրս խոսում է, թե ժողովուրդը երբեք այսքան ազատ չի եղել, մինչդեռ ամեն կերպ փորձում են լռեցնել ընդդիմությանը։

Բանախոսի հետ անդրադարձ ենք կատարել նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների համատեղ գործողություններին, նոյեմբերի 9-ին նշանակված հանրահավաքին և դրա շուրջ հասարակության տարակարծությանը, ստորագրվելիք փաստաթղթին և դրա բովանդակությանը․ ինչ շեշտադրումներ և ակնարկներ էր արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» քննարկման ակումբում նոյեմբերին եռակողմ հանդիպմանը ստորագրվելիք փաստաթղթի և փոխզիջումների առնչությամբ։

Բագրատ Եսայանի խոսքով՝ ինչ էլ ստորագրվի, հնարավոր է հետագայում առոչինչ համարել, քանզի միջազգային սկզբունքներից է բխում, որ եթե պետություններից մեկը մյուսին ստիպում է թուղթ ստորագրել, և եթե նույնիսկ ստորագրի, այն առոչինչ է։

ՀՅԴ անդամը նաև խոսեց ընդդիմության առաջիկա անելիքների մասին՝ հավելելով, որ մանդատը ցած դնելը դեռ լուծում չէ, դա կնշանակի իրականացնել ՔՊ-ի երազանքը՝ թողնելով նրանց միայնակ ԱԺ-ում։

«Ամեն խաղաղություն գոռացող չէ, որ ապահովում է խաղաղություն։ 98 թ․ հունվարին, երբ հրաժարական էր տալիս 1-ին նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, նա հայտարարեց՝ խաղաղության կուսակցությունը գնում է, գալիս է պատերազմի կուսակցությունը, և 20 տարի մենք ունեցանք խաղաղություն»,- հավելեց Բագրատ Եսայանը։

Մանրամասները՝ տեսանյութում