Ոչ մի վերլուծություն չի արվել, թե ինչու ադրբեջանցիները մխրճվեցին ՀՀ տարածք․ Օհանյան

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով փակ քննարկումից հետո լրագրողներին ներկայացրեց արված եզրակացություններ, մանրամասներ հայտնելով նաև Փայլասարի առնչությամբ:

Փակ գաղտնի քննարկում տեղի ունեցավ և վերլուծությունների ընթացքում մեր գործընկերները ներկայացրին նաև գաղտնի տեղեկություններ:

Օհանյանը շեշտեց, որ քննարկումից մի քանի եզրակացություններ կարող է անել: Առաջին եզրակացությունը այն է, որ իրենք ՝ընդդիմադիրները, հրավիրել էին քաղաքական գործիչների, այսինքն, գերատեսչությունների առաջին դեմքերին, որոնք տիրապետում են քաղաքական, ռազմավարական, ռազմաքաղաքական և նաև իրավական հենքերին, սակայն ներկայացրել էին զինվորականների:

«Այս քննարկման ընթացքում շատ հարցերի պատասխաններ մենք չստացանք: Չստացանք հարցերի պատասխաններ, որոնք պետք է ուղղված լինեին պատերազմից հետո իրավիճակի գնահատմանը, դրա շրջանակներում մեր պետությունում ռազմավարական վերանայման իրականացմանը, նկատի ունեմ անվտանգության միջավայրի ամբողջական գնահատումը և ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև շփման գծի իրավիճակը և ՀՀ-ից կողմից ձեռնարկվող միջոցառումները»,-  լրագրողների հետ զրույցում ասաց Օհանյանը:

Նա հիշեցրեց՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն զորքերը պետք է կանգնեին այնտեղ, որտեղ մարտական գործողություններն ավարտված էին:

«Այս քննարկումից երկրորդ եզրակացությունը կայանում է նրանում, որ որևիցե հենք չի եղել, որ հայկական զորքերը հետ քաշվեն այն դիրքերից, որտեղ պատերազմն ավարտվել է՝ հատկապես Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում: Մեր եզրակացությունն այն է, որ այդ ամենն իրականացվել է բանավոր կերպով»,-ասաց խմբակցության ղեկավարը:

Ըստ Օհանյանի՝ ժամանակին որոշում չի ընդունվել կարևոր ռազմավարական կետերը՝ ճանապարհները, բարձունքները զբաղեցնելու՝ թեկուզ չհաստատված, թեկուզ իրավական հենք չունեցող այն շփման գծում, որը նախկինում եղել է Խորհրդային միությունում Հայաստանի և Ադրբեջանի միջև: «Արագ կերպով պետք է մոբիլիզացիա արվեր, որոշումներ ընդունվեին, ամենակարևոր կետերում դիրքերը կահավորելու ժամանակահատվածը մի քանի օր է»,-նշեց նա:

Երրորդ եզրակացությունը հետևյալն է՝ պետք է բարձրացնել ՊՆ-ի և ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի համատեղ փոխգործակցության մակարդակը, փոխգործունակությունը՝ մեկը մյուսին փոխարինելու անհրաժեշտության դեպքում:  Ընդդիմությունը մտահոգություններ ունի, թե իշխանությունը ստվերային պայմանավորվածություններ է ունենալու: Օհանյանի խոսքով՝ իրենց դաշինքի խնդիրն է եղել հասկանալ իրադրությունը և կանխել, դիմադրության շարժում ստեղծել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության նման հայտարարություն այսօր չլինի:

Փակ քննարկմանն անդրադարձ եղել է նաև  ճանապարհների խնդրին, Փայլասարին: Վերջինիս առնչությամբ Օհանյանն ասաց. «Իրենք ասում են, որ դիրքերի որևիցե փոփոխություն տեղի չի ունեցել: Նրանք հաստատեցին, որ եղել է ՌԴ հենակետ՝ երկու երկրների հենակետերի միջև, ՌԴ հենակետը դուրս է հանվել, դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել»:

Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ ոչ մի վերլուծություն չի արվել, թե ինչու ադրբեջանցիները մխրճվեցին ՀՀ տարածք, ովքեր են մեղավորները, ինչ պատասխանատվություն են կրել և ինչ քայլեր են արվում այդ դիրքերը վերականգնելու ուղղությամբ. «Իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի հռետորաբանությունը տանում է նրան, որ Հայաստանը պետք է խաղաղության պայմանագիր ստորագրի, ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սա մեզ համար մտահոգիչ է»: