Վրաստանում 103 հազար երեխա հիվանդացել է կորոնավիրուսով

Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների շրջանում երեխաները կազմում են 15 տոկոս: Spuitnik-ի տեղեկացմամբ, այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

Վրաստանում ախտահարվածների ընդհանուր թիվը, սկսած 2020 թվականի փետրվարից կազմում է 698 հազար 944: Խոսքը կորոնավիրուսով ախտահարված 103 հազար երեխաների ու մինչև 18 տարեկան դեռահասների մասին է: «Նրանցից 6979-ը հիվանդանոցային բուժման կարիք են ունեցել, և, ցավոք, մենք ունեցել ենք մահվան ինը դեպք: Եթե չհաշվենք երեք նորածիններին, ապա մյուս բոլորն ունեցել են ուղեկցող ծանր գենետիկ հիվանդություններ»,-հայտարարել է Գամկրելիձեն: Կորոնավիրուսի հնդկական շտամի տարածման պատճառով Վրաստանում ավելացել են ախտահարման դեպքերը երեխաների ու դեռահասների շրջանում:

Նոր դեպքերն սկսել են առավել ինտենսիվ հայտնաբերվել մանկապարտեզներն ու դպրոցները բացելուց հետո: Մանկապարտեզներում ուսումնադաստիարակչական գործընթացն սկսվել է հոկտեմբերի 4-ին: Դպրոցներն ուսումն սկսել են սեպտեմբերի 15-ին առցանց ռեժիմով, իսկ հոկտեմբերի 4-ից անցել են անմիջական ուսուցման: Համաճարակաբանական իրադրության է երեխաների հաճախացած վարակման դեպքերի կապակցությամբ հոկտեմբերի 11-ից Վրաստանում սկսվել է քրոնիկ հիվանդություններ ունեցող 12-15 տարեկան երեխաների պատվաստումը: Դրանից առաջ պատվաստում էին ստանում 16 տարեկանից: Դեռահասների պատվաստումը կատարվում է միայն Pfizer պատվաստանյութով: