Հա, աթեիստ եմ, հարցեր կա՞ն․ Թորոսյանը Նազարյանին

Ազգային ժողովում քննարկվում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը:

«Ժամանակին ու բազմաթիվ անգամներ, երբ որ եղել եմ սովորական բժշկական կենտրոնի տնօրեն ու զարմացել եմ՝ ո՞նց կարող ենք մենք հանգստանալ, երբ լիքը հիվանդ կա սպասող: Հետո, որպես նախարար, երբ որ ոլորտը ծանրաբեռնվում էր միայն հերթապահ բժիշկների հաշվին ու մյուսները հանգստանում էին», – ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Թորոսյանն ընդգծեց՝ իր համար անհասկանալի է, որ նման պարզ, տարրական, քաղաքակիրթ աշխարհին նմանվելու միտում ունեցող օրենքներում շատ էժան շահարկումներ են արվում:

«Սկսում ենք քրիստոնեական արժեքների հետ կապել, ավանդույթների և այլն», – նշեց Թորոսյանը, ինչին տեղից ռեպլիկ թողեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Հա, աթեիստ եմ, հարցեր կա՞ն»,- արձագանքեց Թորոսյանը՝ նշելով, որ, ի տարբերություն շատերի, չի թաքցնում իր կրոնական պատկանելիությունը կամ չպատկանելիությունը:

Նա ասաց, թե պետք է աշխատանքի խրախուսումով զբաղվել, ոչ թե ծուլության: