Ի՞նչ քարտեզներ են պահվում ՌԴ գենշտաբում, ինչի՞ց է ոգևորված Ալիևը (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն է:

Հայաստանի քաղաքական, վերլուծական հանրույթի քննարկումների դաշտում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հարցերի հետ։ Ինչպես հայտնի է, օրերս Պուտինը ասել էր․ «Առանց Ռուսաստանի մասնակցության ոչինչ հնարավոր չէ անել, քանի որ սահմանները ճշգրտող քարտեզները գտնվում են ռուսական բանակի գլխավոր շտաբում: Դրանք խորհրդային քարտեզներ են, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսին էր սահմանը հանրապետությունների միջև խորհրդային շրջանում»։ Նա նաև շեշտել էր՝ այդ քարտեզների հիման վրա պետք է երկու կողմերը հանգիստ նստեն՝ ինչ-որ տեղ, ինչ-որ բան հարթելու համար նաև փոխզիջումների գնան:

Եվ ուրեմն, ի՞նչ քարտեզների մասին է խոսում Պուտինը, մանավանդ, երբ խորհրդային տարիներին եղել են տարբեր քարտեզներ, ու դրանցից ամեն մեկում սահմանները տարբեր կերպ են արտահայտված եղել։ Ի՞նչ փոխզիջումների մասին է նա ակնարկում:

Լարիսա Ալավերդյանը նախ նկատեց, թե ՌԴ նախագահ Պուտինը հենց այնպես չհայտարարեց, թե առանց ՌԴ-ի չի ստացվելու։ «Դրանով նա հստակեցնում է, որ այս հարցերում Ռուսաստանն ունի մենաշնորհ։ Սա նաև նշանակում է, որ կա պայմանավորվածություն ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, այսինքն՝ Արևմուտքի հետ։ Հակառակ պարագայում մենք կլսեինք ինչ-որ արձագանք Արևմուտքից։

Արևմուտքը համաձայնել է, որ այս գործընթացները՝ վիճելի ու հակասական, թողնում են ՌԴ լուծմանը։ Դա նաև հեռահար նպատակ ունի, եթե վատ հետևանքներ լինեն, ապա մեղավորը կհամարեն Ռուսաստանին, եթե լինի լավ, ապա կասեն, մենք էլ ենք եղել համակարծիք»։

Դառնալով քարտեզների հարցին, Ալավերդյանը նշեց․«ԽՍՀՄ քարտեզներում եղել են տարբեր սահմանագծումներ ու սահմանազատումներ։ Կան քարտեզներ, որտեղ Արցախն ու Հայաստանը ունեցել են ընդհանուր կապ, միացած են եղել։ Բայց կան այնպիսիք, որտեղ չկա կապ, Հայաստանն ու Արցախը կտրված են։ Դա խորամանկորեն արվել է Ադրբեջանի կողմից․ ժամանակին որոշել էին քրդական ինչ-որ տարածք ստեղծել, ինչը տեղի չունեցավ, բայց արձանագրվեց ՀՀ-Արցախ կապի խզումը։ Հայկական 40 գյուղեր սրի քաշվեցին։ Այսինքն, պետք է արձանագրենք, որ այդ սահմանազատման ու սահմանագծման համար արյուն են թափել, որպեսզի հետո ունենան միջանցք կոչվածը»։

Ալավերդյանը նկատեց նաև, որ Պուտինը խոսելով ՌԴ ԳՇ պահված քարտեզների մասին, չի ուզում անդրադառնալ Ազգերի լիգայի քարտեզներին։ Իսկ թե Ազգերի լիգայի քարտեզների համաձայն ի՞նչ սահմաններ է ունեցել Հայաստանը, ասաց․ «Ազգերի լիգան չի ճանաչել Ադրբեջանը, ասելով, որ Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը ունեցել են վիճելի տարածքներ։ Որոշվել է, քանի որ կա վեճ, մենք չենք կարող ճանաչել սահմանները։ Ասել են՝ եթե դուք չկարողանաք դա անել՝ մենք կհստակեցնենք այդ վեճը, կհրավիրենք Փարիզում կոնֆերանս ու կլուծենք հարցը։ Բայց Փարիզյան կոնֆերանսի կայացման փոխարեն Հարավային Կովկաս մտավ բոլշևիկյան 11-րդ Կարմիր բանակը»։

Լարիսա Ալավերդյանը դիմելով ընդդիմությանը, ասաց, որ վերջինս պետք է բարձրաձայնի հետևյալ հանգամանքը․ «Մենք պետք է շեշտենք, որ Ադրբեջանը հրաժարվել է ԽՍՀՄ իրավահաջորդը լինելուց և իրեն չի ճանաչել ԽՍՀՄ իրավահաջորդ, այլ ճանաչել է իրեն որպես Մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդ։ Հետևաբար, ինչո՞ւ պետք է սահամանազատումը տեղի ունենա խորհրդային ինչ-որ սահմաններով»։

Ընդդիմությունն այսօր իսկ պետք է բարձրաձայնի, որ ինչ էլ ստորագրի Փաշինյանը՝ դա ոչ լեգիտիմ փաստաթուղթ է լինելու։ «Մենք պետք է նորից հստակ գիտակցենք, որ այս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական ռազմավարական, ցեղասպանական նպատակները։ Դրա համար մենք չպետք է սպասենք, որ Փաշինյանը ստորագրի ինչ-որ փաստաթուղթ, ու նոր միայն քայլեր անենք։ Ընդդիմությունը պետք է այսօրվանից սկսի կոնկրետ գործողություններ։ ՉՊե՛տք է թույլ տալ, որ տեղի ունենա որևէ հակահայկական փաստաթղթի ստորագրում»։

Մանրամասները՝ տեսանյութում