Սուդանում զինվորականները փակել են մայրաքաղաքի մուտքերը

Սուդանում ձերբակալվել է չորս նախարար, ինչպես նաև Խարթում նահանգի բարձրաստիճան պաշտոնյաներ: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Al Hadath հեռուստաալիքը: Բանակը փակել է երկրի մայրաքաղաք Խարթումի բոլոր մուտքերը և արգելափակել կամուրջները: Գրում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ ձերբակալվածների թվում կան կապի, տեղեկատվության, ֆինանսների, արդյունաբերության նախարարներ։ Ձերբակալվել են նաև Խարթումի նահանգապետը և երկրում իշխող Ինքնիշխան խորհրդի ներկայացուցիչներից մեկը։ Ձերբակալությունները շարունակվում են:

Սուդանի վարչապետ Աբդուլլահ Համդուկին բանակը տնային կալանքի է ենթարկել։

Հիմնական ընդդիմադիր շարժման՝ «Հանուն ազատության և փոփոխության ուժեր» շարժման կողմնակիցներն արդեն մարդկանց կոչ են արել դուրս գալ փողոց և դիմակայել «իշխանության յուրացման բանակի փորձերին»:

Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Խարթումում ամբողջությամբ անջատված են բջջային կապն ու ինտերնետը։ Չկա նաև ֆիքսված հեռախոսակապ։

Մոտ ժամերին սպասվում է երկրի Ինքնիշխան խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ-Բուրխանի հայտարարությունը: Մայրաքաղաքում զանգվածային ձերբակալություններ սկսվել են վարչապետ Աբդուլլահ Համդուկի հետ ալ-Բուրխանի հանդիպումից հետո: