Էստոնիայում չպատվաստվածներին արգելել են այցելել հանրային վայրեր

Էստոնիայում հոկտեմբերի 25-ից հանրային վայրեր կարող են այցելել միայն պատվաստվածները, ինչպես նաև  կորոնավիրուսից ապաքինված բնակիչները։ Այս մասին տեղեկացրել է կառավարության մամուլի ծառայությունը։

Նրա տեղեկությամբ՝ այսօրվանից Էստոնիայում սկսել են գործել կորոնավիրուսի տարածումը սահմանափակող նոր միջոցներ։ Կառավարության ընդունած որոշման համաձայն՝ չպատվաստված բնակիչները անգամ COVID-19-ի բացասական թեստի առկայության դեպքում չեն կարող այցելել մի շարք հանրային վայրեր, ներառյալ մարզական ակումբներ, հանրային սննդի կետեր, թատրոններ, կինոթատրոններ, սպա-սրահներ և  այլն։

Էստոնիայում խստացվում են նաև դիմակներ կրելու պահանջները։ Վաճառողները և  ծառայություններ իրականացնողները պարտավոր են թույլ չտալ առանց դիմակի այցելուներին մտնել առևտրային կենտրոններ և  խանութներ։

Նախօրեին Ռիյկիկոգուի (խորհրդարանի) նախագահ Յուրի Ռատասը հայտարարել էր, որ Էստոնիան գտնվում է աղետի եզրին՝ կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով։

Էստոնիայում կորոնավիրուսի դեմ պատվաստում ստացել է 871 105 մարդ, ինչը կազմում է երկրի բնակչության ավելի քան 58 տոկոսը, ընդ որում՝ 736 771 բնակիչ ավարտել է պատվաստման կուրսը։