ՀԱՊԿ երկրները սկսել են դուրս բերել զորակազմն ու զինտեխնիկան Տաջիկստանից

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների զինծառայողներն Աֆղանստանի հետ սահմանի մոտակայքում անցկացրած զորավարժություններից հետո սկսել են զորքերի և զինտեխնիկայի դուրս բերումը Տաջիկստանից:

Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի զինծառայողները, որոնք մասնակցել են ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին, սկսել են վերադառնալ մշտական տեղակայման դիրքեր։ «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Զորքերի և ռազմական տեխնիկայի տեղափոխմանը ներգրավվել են 201-րդ ռազմաբազայի ավիացիոն խմբի ուղղաթիռները և ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռները:

Հիշեցնենք, որ Տաջիկստանում համատեղ զորավարժություններն անցկացվել են հոկտեմբերի 18-23-ը: Ուսումնավարժանքներին մասնակցել է ավելի քան 500 միավոր տեխնիկա: