Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2022-ի պետական բյուջեն հիմնված է 3 հիմնական առաջնահերթությունների վրա»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ թվարկելով առաջնահերթությունները.

«Անվտանգության համակարգի բարելավում և բարեփոխում, ենթակառուցվածքների զարգացում, կրթության և գիտության արդիականացում։ 2022թ.-ի պաշտպանական բյուջեն նախորդ տարվա համեմատ ավելի է 11%-ով` կազմելով 345 մլրդ դրամ»։

Փաշինյանը ընդգծեց, որ իրենք հետևողականորեն շարժվելու են ՀՀ-ում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով. «Դա անելու ենք սահուն մտածված քայլերով` մեծացնելով զինվորական ծառայության գրավչությունը, բարելավելով սպայի և սպայական ծառայության կերպարը։ Անվտանգային նոր միջավայրում մեր երկրի պաշտպանությունը շարունակում է մնալ կարևորագույն առաջնահերթություն։

Խնդիր ենք դրել ամեն տարվա հետ սահմանների պահպանության գործառույթը ավելի ու ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով` հեռանկարում ունենալով մեր սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը։ ՀՀ տարածքից, մասնավորապես՝ Սոթք-Խոզնավար հատվածից ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների դուրսբերման և Հայաստանի ու Ադրբեջանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի մեկնարկը բարենպաստ պայմաններ կստեղծի այս խնդրի լուծման համար»։

Ինչ վերաբերում է երկրի պաշտպանական ռազմավարությանը, Փաշինյանը նշեց.

«Կառավարության ծրագրում արդեն ընդգծել ենք, որ ՀՀ-ն ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, ԶՈՒ-ն զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար։ ՀՀ-ն տարածքներ նվաճելու մտադրություն չունի։ Անվտանգության համակարգի զարգացման իմաստով կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև ՀՀ-ի շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը, ՀՀ-ի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը, որը մենք տեսնում ենք տարածաշրջանում թշնամական մթնոլորտի հաղթահարման, ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնման, տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով։

Պետք է ընդգծել, որ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է որակապես փոխել ՀՀ տնտեսության բովանդակությունը և կառուցվածքը, լրացուցիչ խթան դառնալ ներհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսական աճ, ՀՀ քաղաքացիների համար ստեղծել հավասար պայմաններ տնտեսական գործունեության մեջ ներգրավելու համար և բարձրացնել տնտեսության գրավչությունը ներդրումների համար»։