Շատ հստակ է, որ եթե այս պայմաններում Հայաստանը համաձայնվի այսպես կոչված դեմարկացիայի, ապա դա մեխանիկորեն նշանակում է որ.․․

Ինչպես արդեն հայտնի է՝ «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով իր աղբյուրներին, կանխատեսում է ,որ նոյեմբերի սկզբին Մոսկվայում հնարավոր է տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում հնարավոր է ստորագրվեն ինչ որ փաստաթղթեր։

Նախ պետք է հստակ նշել, որ Հայաստանի իշխանությունները երբեք չեն թաքցրել, որ շարժվում են դեպի այսպես կոչված «հարաբերությունների վերականգնումը» Ադրբեջանի հետ և այդ կոնտեքստում պատրաստ են ճանապարհ տրամադրել թուրքերին և ադրբեջանցիներին, որ վերջիններս ցամաքով՝ Սյունիքի միջով, միավորվեն ։ Այսինքն՝ ճանապարհը ունենալու է այսպիսի տեսք․ Ադրբեջանը միավորվում է Նախիջևանի հետ, որը իր հերթին կապվում է Թուրքիայի հետ։ Եթե դա լինի, ուրեմն թուրքերի կարևորագույն խնդիրը՝ միավորվել Ադրբեջանի հետ ցամաքով, կիրականանա։

Մի կողմ դնելով հուզականությունը պետք է փաստել, որ եթե այս նախագիծը իրականանա, ապա դա կլինի թուրքերի մեծ տարածաշրջանային հակահայկական ծրագրի իրականացման առաջին փուլը։

Հաջորդ փուլերը նախատեսում են Սյունիքի լիակատար (դե ֆակտո և դե յուրե) տարանջատումը Հայաստանից։ Սա բնավ չի նշանակում, որ Հայաստանի մասնատումը կիրականանա անմիջապես սյունյաց ճանապարհը տրամադրելով, դա կիրականանա 5֊10 տարվա ընթացքում, սակայն եթե ճանապարհը տրամադրվեց, ապա կարելի է համարել ,որ մեր Հայրենիքի վերջնական մասնատման գործընթացը անխուսափելի է։

Ինչպես արդեն պարզ է՝ և՛ Իրանը, և՛ Ռուսաստանը կաշխատեն ստեղծել այն իրավիճակը, որ գոնե նախնական փուլում ճանապարհը ուղղակի կամ անուղղակի վերահսկվի իրենց կողմից։

Բայց թե՛ ռուսների, թե՛ իրանցիների ցանկությունները հակասում են հենց հայկական կողմի ինքնաոչնչացման տանող, իբր, «խաղաղասիրական» որոշումների տրամաբանությանը։

Նենց ,որ երբ հաջորդ անգամ կմեղադրեք ռուսներին,պարսիկներին,ամերիկացիներին կամ այլմոլորակայիններին “դավաճանության”մեջ ՜հիշեք ,որ մեր ազգային ինքնաոչնչացման որոշումը ընդունել ենք հենց մենք։

Հարցի հաջորդ երանգը հետևյալն է․ ենթադրենք, որ Հայաստանը համաձայնվում է սկսել դելիմիտացիա և դեմարկացիա օկուպանտ երկրի հետ, որը հավակնություններ ունի մեր ամբողջ երկրի նկատմամբ և գրեթե օկուպացրել է Արցախի տարածքի 75 տոկոսը և Հայաստանի ստրատեգիական տարածքների մի մասը ։

Պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել։ Շատ հստակ է, որ եթե այս պայմաններում Հայաստանը համաձայնվի այսպես կոչված դեմարկացիայի, ապա դա մեխանիկորեն նշանակում է որ.

1․ Հայաստանը ընդունում է Արցախի Հանրապետության օկուպացիան որպես բնականոն երևույթ։

2․ Հայաստանը ընդունում է Հայաստանի տարածքների օկուպացիան և մեր երկրի հիմնական ռազմավարական լոգիստիկ հանգույցների վերահսկողությունը տրամադրելու է ադրբեջանցիներին։

3․ Հայաստանը դե յուրե համաձայնվելու է Արցախի հիմնախնդիրը դիտարկել որպես Ադրբեջանի ներքին խնդիր, ինչը նշանակում է, որ Արցախը նույնպես փոխանցվելու է Ադրբեջանին։

4․ Հայաստանը փաստացի չի ընդդիմանում Ադրբեջանի ապագայում մեր երկրի ամբողջ տարածքի զավթման հավակնություններին։

5․ Խաղաղության դարաշրջանի ազգակործան գաղափարի ներքո՝ մեկնարկելու է Հայաստանի Հանրապետության վերջնական ոչնչացման գործընթացը, որը իհարկե կարող է տևել մի քանի տարի, սակայն կլինի անխուսափելի։

Իմիջայլոց, այս ամենը ոչ մի կապ չունի ընդդիմություն/իշխանություն դիսկուրսի հետ և ընդամենը սպասվող իրադարձությունների հետևանքների չոր ախտորոշում է ։

Այնպես որ, Ապագա Կա՜…վայելե՛ք։

 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից։