«Հենակետ»․ Անվտանգություն․ Համառոտ տեղեկություններ անցնող շաբաթում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերի մասին

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել և հրապարակել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում անվտանգության վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին.

Հայ-ադրբեջանական սահմանների շուրջ ծավալվող զարգացումների մասին

Շաբաթվա սկզբնամասում սոցիալական ցանցերում և լրատվական միջոցների կողմից տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ  Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին։
Կապանի համայնքապետը ևս հաստատել է այդ տեղեկությունները, նշելով, որ հոկտեմբերի 16-ի դրությամբ  ռուս սահմանապահները այդ վայրից դուրս են եկել, և ճանապարհը փակվել է ադրբեջանցիների կողմից արգելափակոցով:

ՀՀ ԱԱԾ-ն անդրադառնալով խնդրին, հաղորդագրություն է տարածել, հայտնելով, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում։
ՊՆ-ն ևս հաստատել է ԱԱԾ-ի հաղորդագրության իսկությունը։

Հոկտեմբերի 18-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գրառում է կատարել, որում անդրադարձել է ս.թ. մայիսին ՀՀ Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ ներթափանցած ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչների կողմից տվյալ տարածքներում իրականացվող ամրաշինական և այլ աշխատանքների մասին։

Պաշտպանության նախարարությունը անդրադառնալով այդ թեմային, նշել է, որ ՄԻՊ-ի գրառման մեջ առկա պնդումներն ակնհայտորեն ուռճացված են, քանի որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացվում, մեծ ապաստարաններ, կամ նոր ճանապարհներ չեն կառուցվել։

Թաթոյանը հակադարձել է ՊՆ-ի հերքմանը, հրապարակելով ապացույցներ Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ամրացման վերաբերյալ։

ՊՆ-ն ևս մեկ անգամ անդրադարձել է ՄԻՊ-ի կողմից հրապարակված ապացույցներին, վերահաստատելով իրենց պնդումը, որ հոկտեմբերի 18-ի ՄԻՊ գրառման մեջ առկա են մի շարք կոպիտ անճշտություններ, ինչպես նաև իրականությանը ակնհայտորեն չհամապատասխանող տվյալներ։

Սոցիալական ցանցերում և լրատվական կայքերում հիմնականում քննադատության է արժանացել ՊՆ-ի հայտարարություններն ու մոտեցումները ՄԻՊ-ի կողմից բարձրաձայնած հարցերի կապակցությամբ։ ՄԻՊ-ը ևս կարճ անդրադարձ է կատարել ՊՆ արձագանքներին և վերջիններիս խորհուրդ տվել՝ թեման փակել։

Ռազմագերիների, անհետ կորած, զոհված զինծառայողների հետ կապված հարցերի մասին

Հոկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված, անհայտ կորած, կամ գերության մեջ հայտված զինծառայողների և կամավորականների հարազատներին։  Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հոկտեմբերի 19-ին Բաքվից հայ ռազմագերիների նոր՝ հինգ հոգանոց խումբ է վերադարձել Հայաստան։ Նրանց «Էրեբունի» օդանավակայանում դիմավորել են  Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատարներ Ռուստամ Մուրադովը, Միխայիլ Կոսաբոկովը և ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայիս հրամանատար Գենադի Անաշկինը։

Նշենք, որ գերիներից 3-ին հուլիսի 23-ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում:

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի գլխավորած պատվիրակությանը։

Միրզոյանը նշել է նաև, որ չնայած հայկական կողմի ներկայացրած ապացույցներին՝ Ադրբեջանը թաքցնում է գերիների իրական թիվն ու պահման վայրերը, ինչը լուրջ հիմքեր է ստեղծում ենթադրելու, որ առկա է բռնի անհետացումների իրավիճակ։

Հոկտեմբերի 18-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն։ Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում` հաստատվել է ընդհանուր 1686 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։

Այլ թեմաներ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է առաջիկայում Մոսկվա կատարելիք այցին ու քննարկվող հարցերին։ Ըստ նրա՝ կան որոշակի պատկերացնումներ՝ երկաթգծի և ավտոճանապարհների բացման խնդիրների վերաբերյալ։ Գրիգորյանը հավելել է, որ տարածաշրջանի բոլոր հաղորդակցական ուղիների ապաշրջափակումը առաջնահերթություն է Հայաստանի համար:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Վալդայ» միջազգային ակումբի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ տրանսպորտային երթուղիներն ու տնտեսական կապերը տարածաշրջանում կբացվեն, ինչը պայմաններ կստեղծի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի անվտանգության համար։

Հոկտեմբերի 19-ին ՄԻՊ Արման Թաթոյանն ու Սիրանուշ Սահակյանը ԵԽ նախարարների կոմիտեի անդամներին են ներկայացրել Ադրբեջանի խախտումները։ Ներկայացվել է նաև անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկը և հիմքերը։

Պատվիրակության կազմում են եղել ԵԽ-ում ՌԴ-ի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Անդորրայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչ դեսպաններ, ինչպես նաև ԵԽ Գլխավոր քարտուղարության ծրագրերի գլխավոր տնօրինության ղեկավարՎերենա Թեյլորը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և այլք։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ որ «3+3» ձևաչափը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան-Ռուսաստան, Թուրքիա, Իրան) Անդրկովկասում հնարավորինս շուտ կգործարկվի։

«Տեսնում ենք մի շարք արևմտյան պետությունների, այդ թվում ԱՄՆ-ի՝ այս գործընթացին միջամտելու ցանկությունը։ Մենք առաջնորդվում ենք «3+3» ձևաչափի հնարավորինս շուտ գործարկումով՝ ի շահ բոլոր մասնակիցների»,-նշել է Զախարովան՝ հավելելով, որ ամերիկյան ակողմը փորձում է կանխել բանակցային մեխանիզմի գործարկումը և զբաղված է ապատեղեկատվությամբ՝ Մոսկվային վերագրելով այդ ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը։

Զախարովան հիշեցրել է, որ այդ ձևաչափի ստեղծման առաջարկն արել են Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները։

«Ինչպես գիտեք, Ռուսաստանն աջակցում է այդ նախաձեռնությանը»,-նշել է Զախարովան։

ՊՆ անցուդարձի մասին

ՀՀ պաշտպանության նախարարությունն անդրադաձել է զինված ուժերում սեզոնային գրիպի մեծ տարածման և զինծառայողների չպատվաստվելու վերաբերյալ մտահոգություններին, հայտարարելով, որ անհանգստության որևէ պատճառ չկա. սեզոնային գրիպի կամ սուր շնչառական հիվանդությունների թվաքականի աճի միտում չի արձանագրվել, իսկ պատվաստումներն իրականացվում են։

Հոկտեմբերի 18-ին Տաջիկստանի Հանրապետության զորավարժարաններից մեկում մեկնարկել են ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի «Որոնում-2021», «Շարասյուն-2021» և «Փոխգործակցություն-2021» զորավարժությունները։ ՀՀ ԶՈՒ զինծառայողները մասնակցում են այդ զորավարժություններին։

Հոկտեմբերի 25-ից մինչև 2022 թ.-ի հունվարի 31-ը կհայտարարվի ձմեռային զորակոչ։ Համապատասխան որոշման նախագիծը հաստատվել է կառավարության հոկտեմբերի 21-ի նիստի օրակարգում։

Շաբաթվա ընթացքում ՊՆ զորամիավորումների տարբեր զորամասերում, ստորաբաժանումներում անցկացվել են հրամանատարաշտաբային, մարտավարական զորավարժություններ, տեղի են ունեցել տեսական ու գործնական պարապմունքներ, շահագործման ձմեռային ռեժիմի փոխադրման կապակցությամբ զորամասերում մեկնարկել են սպառազինության ու զինտեխնիկայի սեզոնային սպասարկման գործընթացներ։