Անվտանգության միջավայրն այսօր ավելի փխրուն է դարձել մեր շուրջը․ Սեյրան Օհանյան

Այս մեկ տարում ճշգրիտ գնահատական չի տրվել ստեղծված իրավիճակին և դա է, որ անորոշություն է բերում և Հայաստանի, և Արցախի հեռանկարի համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» խորագրով կլոր սեղանի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռնարկած սադրանքի արդյունքում մենք հայտնվել ենք այս դժվարին իրավիճակում:

Մեզ համար ակնհայտ են պատերազմի և պատճառները, և հետևանքները, բայց ցավալի է, որ շարունակական է դարձել Հայաստանի ու Արցախի համար պարտությունների շարանը: Այս ամենը բերում է նրան, որ ակնհայտ ու ստվերային որոշակի երևույթներ են տեղի ունենում, որոնք կանխարգելմանն էլ պետք է ուղղված լինի մեր ընդհանուր աշխատանքը»,-ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ իրենք գործում են «Ոչ Հայաստանի թրքացմանը, ոչ Արցախի հայաթափմանը» կարգախոսով:

Սեյրան Օհանյանը հավելեց, որ անվտանգության միջավայրն այսօր ավելի փխրուն է դարձել մեր շուրջը․ «Այսօր Հայաստանն ու Արցախը հայտնվել են մի այնպիսի վիճակում, երբ շարունակական են աշխարհի ուժային կենտրոնների բախումները մեր տարածաշրջանում, նաև տարածաշրջանային խաղացողների մուտքն է թույլ տրվել Հարավային Կովկաս»:

Օհանյանը շեշտեց՝ իրենց կազմակերպած միջոցառումների առանցքում դրված է մեկ նպատակ՝ ազգային դիմադրողականության ստեղծումը: