Այս իշխանության պարագայում դատապարտված ենք մեր շահերը ոտնահարող տարբեր գործընթացների մասը լինելու (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ԱԺ 8-րդ գումարման «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը։

Հատկապես հետպատերազմյան փուլում հասարակությանը փորձում են համոզել, որ մեզ համար պետք է աշխատեն բոլորը, բացի մեզնից։ Ցանկացած սադրանքի պարագայում պետական ուղղորդմամբ անընդհատ սլաքներն ուղղվում է ոչ այնքան Ադրբեջանի, որքան պայմանական՝ Ռուսաստանի ուղղությամբ։ Մենք պետք է հասկանանք, որ ցանկացած երկիր ունի իր շահը և առաջնորդվում է իր շահերով, այսօր ունենք մի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանն և իր թիմը մեր երկիրը հասցրեցին այս վիճակին, այսքան ողբերգություն բերեցին, այս պայմաններում, իմ տպավորությամբ, քննադատության սլաքն այդքան չի ուղղվում Նիկոլ Փաշինյանի, որքան երկրորդ, երրորդ, չորրորդ երկրների, որոնք մեր պատկերացմամբ պարտավոր էին գալ կռվել, մեր փոխարեն կռվել, հիմա էլ Թուրքիայի և Ադրբեջանի հետ նոր կոնֆրոնտացիայի մեջ մտնեն։ Մեզ երկրները կհարգեն այն դեպքում, երբ մենք սկսենք հարգել, հարգել մեր արածը և զբաղվել նրանով, ինչը օրենքով և Սահմանադրությամբ վերապահված է մեզ։ Բնականաբար այս տեսանկյունից իշխանությունն ունի ամենամեծ պատասխանատվությունը, որը նա ստանձնել է երկրի առաջ, և այս պայմաններում անվտանգայինից սկսած՝ վերջացրած սոցիալական ամենատարբեր խնդիրներ, պատասխանատուն և գլխավոր մեղավորը այս իշխանություններն են։ Այս մասին LIVEnewshttps://livenews.am/press/  եթերում ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։

Խոսելով աշխարհաքաղաքական նոր զարգացումների և  տարածաշրջանային ռազմավարական համագործակցության նոր ձևավորումների և այդ համատեքստում Հայաստանի դիրքորոշման մասին, պատգամավորը ընդգծեց, որ Հայաստանը փորձում է միաժամանակյա «սիրախաղ» անել բոլորի` ՌԴ-ի,ԱՄՆ-ի,ԵՄ-ի և նույնիսկ Թուրքիայի հետ, բայց՝ անարդյունք։

Անդրադառնալով Ալիև-Էրդողան տանդեմի հռետորաբանությանը, առ այն, թե Ղարաբաղյան կոնֆլիկտն այլևս հանգուցալուծված է, Աբրահամյանը նշեց, որ «նախորդ շաբաթ Արցախում տեղի ունեցած մի քանի սադրանքներն ինքնին ոչ միայն ցույց են տալիս, որ այս կոնֆլիկտը դեռևս ավարտված չէ, այլև դրանք շատ ավելի ամրապնդում են ռուսական խաղաղապահ զորքերի ներկայությունը Արցախում, որովհետև առանց ռուս խաղաղապահների ներկայության՝ այդ իրավիճակը բերելու է նոր արյունահեղություն։  Ի դեպ նաև սրա համար եմ ամենատարբեր առիթներով անընդհատ հայտարարում, որ անկախ ներկայում ստեղծված ստատուս քվոյից, հայկական զինուժը Արցախում և Հայաստանում պետք է արդիականացվի, բերվի նոր մակարդակի, ինչը հնարավորություն կտա ամենատարբեր իրավիճակներում՝ ռեգիոնալ, թե աշխարհաքաղաքական զարգացումների պարագայում լուծել ամենագլխավոր խնդիրը՝ պաշտպանել Արցախն ու Հայաստանը, պաշտպանել մեր հայրենակիցների անվտանգությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում