Պուտինը Փաշինյանի ձեռքով Հայաստանի տարածքները տալիս է Ադրբեջանին (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր քարտուղար Արա Գասպարյանն է։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկ հնչեցրած  հայտարարությունները ոմանց համար սառը ցնցուղ էին, ոմանց համար՝ սպասված ասելիք։

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահը խոսել է հարավկովկասյան տարածաշրջանում արդյունավետ տնտեսական կյանք, արդյունավետ փոխգործակցություն ստեղծելու մասին, շեշտելով՝  ապագայում Հայաստան- Ադրբեջան համագործակցության ստեղծման, երկու պետությունների միջև անվտանգ համակեցության և տնտեսական զարգացման պայմանների ստեղծման մասին։

Փաստորեն ստացվում է, որ խաղաղության դարաշրջան բացելու մասին ծրագիրը, ռուսական կամ  ավելի ճիշտ ռուս-թուրքական պրոյեկտ է, ինչն  իրականացվում է Փաշինյանի ձեռքով։

Պուտինը նաև խոսեց խորհրդային ինչ-որ քարտեզների մասին, ասելով․ «Ամենից կարևորը հիմա սահմանին իրավիճակի վերջնական կարգավորումն է։ Առանց Ռուսաստանի մասնակցության ոչինչ հնարավոր չէ անել, քանի որ սահմանները ճշգրտող  քարտեզները գտնվում են ռուսական բանակի գլխավոր շտաբում: Դրանք խորհրդային քարտեզներ են։ Այս փաստաթղթերի հիման վրա պետք է հանգիստ նստել… երկու կողմերից… Կան բաներ, որոնք պահանջում են նաև փոխզիջումներ…»:

Այսպիսով, խորհրդային ինչ-որ քարտեզներ մեջտեղ բերողը հենց  Ռուսաստանն է՝ մեր ռազմավարական  դաշնակիցն ու գործընկերը, որը դարձյալ Փաշինյանի ձեռքով Հայաստանի տարածքները  զիջում է Ադրբեջանին:

«Մենք» հաղորդաշարի հյուր Արա Գասպարյանը համոզված է, որ  սա թուրք-ռուսական օրակարգ է․ «Տարածաշրջանում բոլոր գործողությունները եղել են ռուս-թուրքական փոխադարձ պայմանավորվածությունների արդյունքում։ Բոլոր  պրոցեսների  հետևում կանգնած են ռուսներն ու թուրքերը, և նրանք շատ սինխրոն են գործում։ Նրանց մեսիջները՝ մեկը մյուսին փոխլրացնող են ու մեկմեկու հաստատող են»։

«Մենք պետք է կանգնեցնենք թուրք-ռուսական այս օրակարգը, որն իրականում խաղաղության գործընթաց  չէ», այն կատարվում է Հայաստանի, Արցախի հաշվին, մեր սուվերեն տարածքի հաշվին։

«Ալիև-Պուտին- Փաշինյան, կամ Ալիև- Պուտին-Էրդողան նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների այն մասը, որը չի իրականացվել, պետք է կասեցնել։ Սրան այլընտրանք մենք չունենք»։

«Ինչ վերաբերում է Պուտինի կողմից Փաշինյանին գովելուն, ակնհայտ է, որ սա նրանց կրտսեր գործընկերն է, նրանց ցուցումի տակ է ու կատարում է նրանց հրահանգը։ Այսինքն, մեր երկիրը օտարների կառավարման տակ է»։

«Ռուսական դիրքորոշումը շատ նման է Լենին-Աթաթուրք դիրքորոշումներին։ Սա մեզ համար չպետք է լիներ անակնկալ։ Ռուսներն ու թուրքերը վերականգնում են  1920 թ․ ստատուս քվոն, ու մենք այսօր Ռուսաստանի հետ կապված որևէ պատրանքներ չպետք է ունենանք»։

Գասպարյանը նկատում է․ «Եթե տարածաշրջանային մեգապրոյեկտ է իրականացվում, մենք Ադրբեջանի հետ մտնում ենք տնտեսական նոր հարաբերությունների մեջ, թշնամությունը մոռանում ենք, մեր տարածքները  տալիս ենք,  Թուրքիայի հետ էլ ակտիվ հարաբերություններ ենք հաստատում, ինչպես Պուտինն է ասում՝ վեր կանգնել այսրոպեական շահերից, այսինքն, մեր ազգային շահերը նրանց համար այսրոպեական են, եթե մենք գնում ենք այդ ճանապարհով, հարց է առաջանում,  ռուսներն այստեղ էլ ի՞նչ են անում»։

Մանրամասները՝ տեսանյութում