Միխայիլ Զուրաբովը ԶՊՄԿ-ի գործարքն անվավեր ճանաչելու պահանջով դատարան է դիմել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12,5 տոկոսի սեփականատեր, Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար. Վ. Պուտինի նախկին խորհրդական Միխայիլ Զուրաբովը դիմել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջով։

Դատական տեղեկատվական համակարգից  տեղեկանում ենք, որ «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ –ի շահերը, որի վերջնական բաժնետերը Զուրաբովն է,  դատարանում կներկայացնի հայտնի փաստաբան Արամ Օրբելյանը ։

Պատասխանողներ են նշանակվել  Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ վարչապետի աշխատակազմի, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ -ն ու Մոսկվայում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն։

Որպես երորդ անձինք ներգրավված են «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ՓԲԸ-ն ու «ԱՄՓ Հոլդինգ» ՍՊԸ-ն։

Դատարանը հայցադիմումը ստացել է հոկտեմբերի 7-ին ու հենց նույն օրը մակագրել դատավոր Անահիտ Թումանյանին։ Դատական նիստի օր դեռևս նշանակված չէ։

Նշենք, որ գործարքը, որն անվավեր ճանաչելու համար դատարան է դիմել Միխայիլ Զուրաբովը, վերաբերում է Ռոման Տրոցենկոյի կողմից կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսի ձեռքբերմանը։

Ավելի ուշ պաշտոնապես հաստատվեց, որ գործարարը բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրել է Հայաստանի կառավարությանը։