Ռուս խաղաղապահներն ու բարերարները 1,2 տոննա մարդասիրական օգնություն են նվիրաբերել Արցախի կարիքավոր բնակիչներին

Ռուս խաղաղապահները, Ռուսաստանի և Հայաստանի բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչները մարդասիրական ակցիա են անցկացրել Արցախի հեռավոր շրջանում։ Ակցիան տեղի է ունեցել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի Առնիկ Ավանեսյանի անվան դպրոցում՝  կարիքավոր ընտանիքներին 1,2 տոննա մարդասիրական օգնության փոխանցմամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆն:

«Այսօր Ասկերանի շրջանի Խրամորթ բնակավայրում «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ համատեղ իրականացվում է մարդասիրական ակցիա։ Օգնություն է տրամադրվելու ավելի քան 320 ընտանիքի, առաջին հերթին մենք դպրոցական պարագաներ ենք հանձնում Խրամորթ բնակավայրի աշակերտների և նախադպրոցական տարիքի երեխաների համար: Հետագայում մարդասիրական օգնություն կփոխանցվի նաև բազմազավակ ընտանիքներին, կտրամադրվեն վառարաններ, հագուստ, կոշիկ, առաջին անհրաժեշտության իրեր, ակցիայի ընթացքում կհանձնվեն նաև երկու դիզելային գեներատորներ, մեկը` դպրոցի համար, երկրորդը՝ Խրամորթի վարչակազմի»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:

Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները կարիքավոր բնակիչներին աշնանային և ձմեռային մանկական հագուստ, կոշիկներ, դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ են փոխանցել։

Խաղաղապահներն ու բարերարները դպրոցի կարիքների համար նվիրաբերել են նաև անխափան սնուցման բլոկ, պատմության, աշխատանքի ուսուցման, աշխարհագրության, մաթեմատիկայի դասերի անցկացման համար պարագաներ, և գրասենյակային իրեր: