Հայաստանը աշխարհաքաղաքական խաչմերուկում, ինչ զարգացումներ կարող են լինել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

Հաղորդման հյուրի հետ անդրադարձանք ՏԻՄ ընտրություններին, արդյո՞ք կարելի է արձանագրել, որ այս ընտրություններով իշխանությունները լուրջ նահանջ ունեցան հանրային վստահության դաշտում։ Տիգրան Քոչարյանը մեկնաբանեց անցած ընտրությունները՝ ասելով, որ այդ ընտրություններից կարելի է եզրակացնել՝ Հայաստանում Նիկոլ Փաշինյանին մեծ հաշվով չեն սիրում։

Հետաքրքրվեցինք Տիգրան Քոչարյանից՝ արդյո՞ք վտանգավոր չէ, որ ամենաարմատական հակառուսական կուսակցություններից մեկը հաղթանակ է տարել Մեղրիի տեղական ընտրություններում, որտեղ սահմանը պաշտպանում են ռուս սահմանապահները, իսկ հիմնական աշխատատեղերն ապահովում է ռուսական կապիտալը։ Ըստ նրա՝ գուցե նաև այդ հանգամանքը կա, սակայն դեռ պարզ չէ՝ դաշինքով ներկայացած թեկնածուն լիովին կիսո՞ւմ է Արամ Սարգսյանի կուսակցության գաղափարները, թե այլ նկատառումներով է ընդգրկվել դաշինքի մեջ։

Խոսեցինք նաև ռազմագերիների վերադարձի թեմայով, արդյո՞ք Բաքուն բարի կամքի դրսևորում ցուցաբերեց, թե՞ Հայաստանը որոշակի զիջումների է գնացել գերիներին վերադարձնելու դիմաց։ Հնարավոր է՝ այդ մասին մենք իմանանք ավելի ուշ, բայց չի բացառվում, որ հենց Փայլասարի դիրքի զիջումն էր այդ գինը։

Այսօր աշխարհաքաղաքական նոր դաշինքներ են ձևավորվում, տարածաշրջանային ռազմավարական համագործակցության նոր բանաձևերի և ձևաչափերի շուրջ ինտենսիվ քննարկումներ են ընթանում։ Ի՞նչ դիրքավորում պետք է ունենա Հայաստանը այդ նոր խաչմերուկներում։ Հաղորդման հյուրը վերլուծեց նաև ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը և մեր հնարավոր ճակատագիրն այդ զարգացումներում։

Մանրամասները՝ տեսանյութում