Սիրիան և շիաները թուրքերի համար «ջերմ ընդունելություն» են պատրաստում…

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փորձում է «Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթող ուժերից ազատվելու» իր վերջին կոչով էկզալտացիայի՝ հիազմայլության հասցնել համաշխարհային հանրությանը, աշխարհը «խոհեմաբար» հետևում է Թուրքիայի նախագահի «ֆյուրերությանը»: Իսկ ահա Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անուղղակիորեն «իր պաշտպանության տակ է վերցրել» Էրդողանին՝ հրապարակավ կասկածներ հայտնելով… թուրք ֆաշիստի հայտարարությունների թարգմանության ճշգրտության առումով: «Ես չեմ տեսել այն ենթատեքստը, որում արվում է այս արտահայտությունը, ես ինքս չեմ կարդացել այն, ես դա տեսել եմ միայն լրատվամիջոցների վերարտադրման մեջ: Չգիտեմ, թե որքան լավ է կատարվել թարգմանությունը: Ես հնարավորություն ունեմ այն ​​կարդալ թուրքերեն, անպայման կնայեմ»,- ասել է Պեսկովը հոկտեմբերի 19-ին: Դե, թուրքագետ և աշխարհի բոլոր թուրքերի մտերիմ ընկեր, նման մեկնաբանությունը միանգամայն սպասելի էր:

Սակայն Մերձավոր Արևելքում ոմանք, այսպես ասած, «ինչոր բան են» նախապատրաստում թուրքերի համար: Ինչպես հոկտեմբերի 19-ին հաղորդել են մի շարք ռուսական էլեկտրոնային լրատվամիջոցներ՝ կապված Ռուսաստանի ռազմական շրջանակների հետ, բոլոր այն շրջանակները, որոնք շահագրգռված են Սիրիայից թուրքական զորքերի շուտափույթ հեռացմամբ և Հյուսիսային Սիրիայի թուրքական օկուպացիայի ավարտով, լրջորեն պատրաստվում են Սիրիայում: Ըստ այդ զեկույցների, սիրիական բանակի բարձր հրամանատարությունը շարունակում է լրացուցիչ ուժեր տեղափոխել Հալեպի նահանգի ռազմաճակատ՝ Էրդողանի ագրեսիվ հայտարարություններից հետո, որն անցած շաբաթ կրկին սպառնացել է ներխուժել Սիրիա: Ռուսական ռազմական թղթակիցների թիրախում է հյատնվել Հալեպ նահանգում գտնվող «Ջաբուլ» ուսումնական դաշտը (պոլիգոնը), որն օգտագործվում է որպես Բաշար ալ Ասադի զորքերի տեղաշարժի ուղիներից մեկում ռազմական տեխնիկայի ժամանակավոր տեղակայման կետ: Այստեղ նկատվել են Սիրիայի զինված ուժերի տանկեր և ՀՄՀ-2: Վերջին օրերին սիրիական բանակը մարտական ​​պատրաստվածության ինտենսիվ ստուգումներ է անցկացնում և լրացուցիչ ստորաբաժանումներ ուղարկում երկրի հյուսիս՝ Թել Ռիֆաաթ և Մանբիջ շրջաններ, այսինքն՝  թուրքական բանակի հաջորդ ներխուժման ենթադրյալ գոտիներ: Ավելի վաղ Սիրիայի կառավարական ուժերի տեղաշարժի երթուղիներում նկատվել է ծանր զրահատեխնիկա, այդ թվում՝ Տ-90 տանկեր, 2S1 «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային ամրակներ (ՍԱՈՒ) և «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ )։

Սիրիական բանակի ուժերի կենտրոնացումը տեղի է ունենում այն ​​համապատկերին, երբ Թուրքիան և նրա «պրոքսիները» (Իդլիբում թուրքամետ ահաբեկիչները) վերսկսել են հարձակումները Սիրիայի բնակավայրերի վրա: Ինչպես հաղորդել է հոկտեմբերի 19-ին սիրիական SANA գործակալությունը, թուրքական զորքերը և թուրքամետ ահաբեկիչները հրետանային և հրթիռային հարձակումներ են իրականացրել Ալ-Դարդարա գյուղի վրա, որը գտնվում է Թալ Թամարից հյուսիս՝ Հասեկե նահանգի հյուսիս-արևմուտքում: Ինչի հետևանքով նյութական վնաս է հասցվել ենթակառուցվածքներին և գույքին: Հաղորդվում է, որ Հասեկե նահանգի հյուսիսում տեղակայված թուրքական զորքերը լրացուցիչ ուժեր են ստանում Ռաս ալ-Այնում գտնվող թուրքական բազայից: Անկարայի կողմից լարվածությունն և սպառնալիքները աճեցին այն բանից հետո, երբ հոկտեմբերի 16-ին Իդլիբ նահանգի Մաարեթ Միսրին մայրուղու վրա թուրք զինվորական ավտոշարասյան պայթեցման հետևանքով երկու թուրք զինվոր զոհվեցին, հինգը վիրավորվեցին: Թուրքերը մեղադրել են քրդերին և սիրիական բանակին: Սակայն, ինչպես մենք հավատում ենք, Անկարային պարզապես պատրվակ էր պետք՝ կրկին հարձակվելու Սիրիայի վրա` փորձելով մեծացնել Թուրքիայի օկուպացիոն ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքը:

Սիրիական բանակի պատրաստվածության մակարդակի մասին տեղեկատվություն տարածող ռուսական լրատվամիջոցները դնում են պերճախոս վերնագրեր, որոնք կասկած չեն թողնում, թե որ կողմում են գտնվում լրագրողները և ռազմական թղթակիցները. «Բաշար ալ Ասադը [կամ՝ Սիրիա] Սիրիայում «ջերմ ընդունելություն» է պատրաստում Էրդողանի համար, կդիմավորեն «Գվոզդիկա»-ով, կծածկեն «Գրադով»։ Ի դեպ, այն փաստը, որ հոկտեմբերի 18-ի երեկոյան լիբանանյան «Հըզբոլլահ» կուսակցության առաջնորդ շեյխ Սեյեդ Հասան Նասրալլահը, թերևս, առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարել է, որ իր կուսակցության զինված կազմավորումների թիվը 100 հազար զինվոր և սպա է, մենք համարում ենք նախազգուշացում ոչ այնքան լիբանանյան շիաների հակառակորդների հասցեին, որքան Իսրայելին, իսկ այժմ` նաև Թուրքիային: Հենց լիբանանյան «Հըզբոլլահի» զինվորներն ու սպաներն են կազմում Սիրիայի շիա կամավորականների մեծամասնությունը, և այժմ նրանք ակտիվորեն օգնում են սիրիական բանակին Իդլիբ նահանգում և նրա շրջակայքում: Այս բոլոր փաստերը իրենց հանրագումարում համոզում են, որ Թուրքիան շուտով պետք է Սիրիայում խոշոր ռազմական պարտություն կրի. չէ՞ որ լիբանանյան շիաները առնվազն մեկ հաղթանակ ունեն նաև Իսրայելի նկատմամբ հարավային Լիբանանում (2006 թ. հուլիս-օգոստոս): Եվ նրանց չի կարելի վախեցնել՝ ո՛չ անօդաչու թռչող սարքերով, ո՛չ ահաբեկիչներով…

Սերգեյ Շաքարյանց