Մտավախություն ունեմ, որ պատերազմին առնչվող մեծ թվով հանգամանքներ ուղղակի ոչնչացվելու են. Տիգրան Աբրահամյան

«Պատերազմի պատճառների, դրան պատշաճ չարձագանքելու, պատերազմը ժամանակին չկանգնեցնելու, հետպատերազմյան ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ որևէ քայլ չանելու շատ հանգամանքներ պատերազմի ավարտից մեկ տարի անց էլ քողարկվում են այն անձանց կողմից, որոնք այսօր իշխանության կազմում են»,- այս մասին «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկմանն ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերի փորձագետ, Տիգրան Աբրահամյանը։

«Ես մտավախություն ունեմ, որ իշխանությունն ամեն ինչ անում է՝ ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը տարբեր կեղծ թիրախների վրա բաժանելուց բացի, պատերազմին առնչվող մեծ թվով հանգամանքներ ուղղակի ոչնչացվեն։ Ներկայում նկատելի է, որ իշխանությունը դրա համար անհրաժեշտ քաղաքական ու տեղեկատվական դաշտը ոչ միայն նախապատրաստել է, այլև կարողացել է ճնշումների միջոցով որոշ անձանց բերանները փակել, ահաբեկումների միջոցով թույլ չտալ, որ խոսեն»,- ասաց Աբրահամյանը։

Նա ցավով փաստեց, որ շատ հարցերի պատասխաններ կարող ենք գտնել միայն այն ժամանակ, երբ Հայաստանում այս իշխանությունն ուղղակի չլինի։

Պատգամավորն ասաց, սա զուտ իշխանության դեմ պայքարի կամքի մասին հայտարարություն չէ, փաստն այն է, որ այս իշխանության օրոք ճշմարտությունն իմանալու հնարավորություն չունենք։

«Մեր գլխավոր խնդիրն այն է, որ այն գործիքներն այսօր կիրառվում են, և այն մարդիկ, ովքեր պատասխանատու են մեր հայրենակիցների ճակատագրի համար, չափազանց վատ են աշխատում, չեն գործադրել ու գործադրում բոլոր հնարավորությունները, ինչը թույլ կտար առավել շատ անհետ կորածների ճակատագրերի մասին տեղեկանալ»,- ասաց Աբրահամյանը։

Նա վկայակոչեց նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի հաստատման վերաբերյալ հայտարարության 8-րդ կետը, որը վերաբերում էր գերիների, ռազմագերիների, անհետ կորածների վերադարձին, հստակ ժամկետ նշված չէր, մինչդեռ տարածքների՝ Ադրբեջանին հանձնման ժամկետները հստակ էին։