Գնաճը խժռում է մեր աշխատանքի մեծ մասը․ Վահան Քերոբյան

Մենք գնաճով շատ անհանգստացած ենք, մեր աշխատանքի արդյունքը պիտի լինի մարդկանց ավելի լավ ապրելը, իսկ գնաճը, կարելի է ասել, խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ են անում գնաճը մեղմելու ուղղությամբ։

«Պետք է փորձենք զսպել գնաճն այն գործիքներով, որոնք ունենք մեր տնօրինման տակ, նաև ԿԲ-ն է իհարկե իր գործիքակազմը կիրառում, բայց երբեմն այդ գործիքակազմը սկսում է  վնասել տնտեսության շատ կարևոր ճյուղեր, օրինակ՝ արտահանումը․ գիտեք, որ արտարժույթի փոխարժեքը վերջին մի քանի տարվա երևի ամենացածր կետում է։ Եվ դա մեզ շատ է անհանգստացնում, ինչպես նաև մեր արտահանողներին»,-մանրամասնեց նախարարը։

Վահան Քերոբյանի խոսքով՝ Կենտրոնական բանկի հետ համագործակցության արդյունքում գնաճի դեմ պայքարում ակնկալում են, որ ԿԲ-ը թույլ չի տա, որ կարևոր ոլորտները վտանգվեն։

«Կարող եմ ասել, որ մենք անընդհատ կոնսուլտացիաների մեջ ենք մեր գործընկեր երկրների հետ, առաջին հերթին ԵԱՏՄ գործընկերների, որպեսզի ՀՀ տնտեսավարողներին կարողանանք ապահովել ցածր գներով կամ նորմալ գներով ապրանքներով, հումքերով»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է տեղական ապրանքների թանկացմանը, մասնավորապես  գյուղատնտեսական ապրանքների, Վահան Քերոբյանն ասաց, որ, օրինակ, կարտոֆիլի արտահանման ռեկորդ է այս տարի գրանցվել՝ 30 հազար տոննա, եթե պահնաջարկը հաղորդակցվող երկրներում աճում է, դա անդրադարձ է ունենում նաև մեր շուկայի վրա։