Ռուս խաղաղապահները ապահովում են մարդկանց անվտանգ տեղաշարժը դեպի Արցախ և հակառակ ուղղությամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են շուրջօրյա վերահսկողություն իրականացնել 27 դիտակետում՝ ապահովելով  մարդկանց և ավտոմեքենաների անվտանգ մուտքն ու ելքը Լեռնային Ղարաբաղ: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Ինչպես հաղորդվում է, վերջին մեկ շաբաթվա ընթացքում ռուս խաղապահներն ապահովել են ավելի քան 200 միավոր տարանցիկ տրանսպորտային միջոցի և շուրջ 1000 մարդու անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղություններով:

«Դիտակետի անձնակազմը հրադադարի ռեժիմի շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում: Զինծառայողներն ապահովում են տարանցիկ ավտոտրանսպորտի տեղաշարժն անցակետով: Հնարավոր սադրանքները կանխելու նպատակով ստուգման են ենթարկվում երկու ուղղությամբ երթևեկող բոլոր մեքենաները»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Եվգենի Միշինը: