Հաղթել է հայ աղջիկ մասնակիցը․ Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադա

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադայում մրցել է 436 մասնակից 13 երկրից՝ ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բելառուսից, Բոսնիայից և Հերցեգովինայից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Հայաստանից, Պերուից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից և Ուկրաինայից:

Ինչպես տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից, օլիմպիադայի Կազմկոմիտեն առցանց կազմակերպված մրցանակաբաշխության արարողության ժամանակ հայտարարել է Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադայի հաղթողների անունները:

Առաջին մրցանակակիր է դարձել Ժաննա Խաջոյանը` Հայաստանից:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Հասան Մոստաֆա Էմամ Ալին` Եգիպտոսից:

Երրորդ մրցանակին արժանացել են.
– Խալեդ Համմուդա Մոհամեդ Աբդելռազեկը` Եգիպտոսից
– Անջելա Կոստիքը` Սերբիայից
– Դեժան Գուտիկը` Բոսնիա-Հերցոգովինայից

Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը։

Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան հիմնվել է 2006թ-ին և անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Այն նաև կազմակերպվում է միջազգային հեղինակություն ունեցող ամենամեծ մասնագիտական կառույցի՝ Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ: