Նիկոլն երկու անգամ է վատացել, վերջինի պատճառը պարզ է, առաջինը` խորհրդավոր. 2

Սկիզբը` այստեղ

 

Արցախում հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ հարվածային ԱԹՍ կիրառելու արդյունքում, ինչպես հայտնի է, ՊԲ մարտական հենակետում 6 զինծառայող վիրավորվեցին, երկուսի վիճակը գնահատվեց ծանր: Նույն օրն ուշ երեկոյան և կիսգիշերի կողմ Արցախի Ասկերանի շրջանի Հարավ գյուղի և Մարտունու շրջանի Նորշեն գյուղի մոտ գտնվող իր դիրքերից թշնամին կրակ է վարել: Ըստ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների, Ադրբեջանի ԶՈւ-ն Նորշեն գյուղի ուղղությամբ կիրառել է խոշոր տրամաչափի զինատեսակներ:

Հաջորդ օրն առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ (զուտ բախտի բերմամբ զոհ կամ վիրավոր չունեցանք): Դարձյալ հոկտեմբերի 15-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ Արարատի մարզի, մասնավորապես` Երասխ գյուղի, և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը:

Նույն օրը Արցախի ԱԱԾ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է.

«Ադրբեջանական կողմը շարունակում է սադրիչ ու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտող գործողությունները:

2020թ. հոկտեմբերի սկզբներից սկսած ադրբեջանական կողմը միտումնավոր թույլ է տալիս 2020թ. նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների կողմից եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածության խախտում և արցախա-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում իրականացնում է սադրիչ գործողություններ:

Դրանք մեկնարկել են Մարտակերտ քաղաքում քաղաքացիական խաղաղ բնակչի սպանությամբ և շարունակվել շփման գծի տարբեր հատվածներում:

Եթե նախկինում կրակոցները հաճախ կրել են նախազգուշական նպատակ և ուղղված չէին հայ զինծառայողներին, ապա վերջին օրերին կտրուկ փոփոխվել է կրակոցի ուղղությունը` որպես թիրախ ընտրելով արդեն մարդկային կյանքերը»:

Հոկտեմբերի 16-ի ժամը 23-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը թիրախային կրակել են ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի վրա: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի տեղեկացմամբ, «Կրակահերթերը եղել են նպատակային՝ քաղաքացիական տների ուղղությամբ: Գնդակոծությունից անմիջապես հրդեհվել է Երասխ համայնքի բնակչի 3-4 հազար հակ խոտի դեզը»:

Նույն օրը Times.am-ը գրեց . «Արդեն մեկուկես օր է, ինչ Արցախի ՊԲ 5-րդ պաշտպանական շրջանի (Մարտակերտ) զինվորներն արգելափակված են թշնամու ԶՈՒ կողմից։ Այս մասին Facebook-յան իր էջում տեղեկացնում է «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը։

Ըստ նրա տեղեկությունների, ադրբեջանցիները պաշարել են հիշատակված ՊՇ 4-րդ վաշտի հրամանատարական դիտակետը և սպառնում են այդ բնագծում տեղակայված 114-127 մարտական հենակետերին։

Մեր տեղեկություններով, խոսք է գնում մոտ 60 հայ զինծառայողների ճակատագրի մասին։ Նրանցից մեկը վիրավոր է։ Թշնամին թույլ չի տալիս նրան օգնություն ցուցաբերել, խոչընդոտում է հերթափոխին։ Տղաներն առանց ջրի և սննդի պաշարների շարունակում են արգելափակված մնալ»։

Ինչպես հավելել է հիշյալ լրատվամիջոցը, իր աղբյուրները հաստատում են Ա. Դանիելյանի տեղեկությունների ճշմարտությունը։

Հիշենք նաև, թե ինչ է նախորդել հոկտեմբերի 14-ից Արցախում, այնուհետ նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի սահմանին իրավիճակի կտրուկ սրմանը: Արցախում հարվածային ԱԹՍ-ով ՊԲ մարտական հենակետին հոկտեմբերի 14-ին հասցված հարվածից կարճ ժամանակ առաջ, հենց նույն օրը Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել և առգրավվել է հետախուզական թռիչքներ իրականացնող և ՊԲ-ին պատկանող ԱԹՍ: Արցախի ՊԲ-ն նույն օրը պաշտոնապես հերքել է  այս ապատեղեկատվությունը:

Արցախի ՊԲ-ն հոկտեմբերի 14-ին թշնամու հասցրած հարվածից առաջ հերքել է  նաև Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվությունը, թե հայկական կողմի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է զոհվել: Ակնհայտ է, որ թշնամին իր այս ապատեղեկատվություններով քարոզչական ու քաղաքական հենք է նախապատրաստել իր նախապես ծրագրած ագրեսիվ գործողությունների համար, որոնք ժամեր հետո պետք է իրականացներ: Բայց այս ապատեղեկատվություններից բացի, կա և առանձնահատուկ ուշադրություն է գրավում հոկտեմբերի 14-ի դեպքերին նախորդած, դեռ հոկտեմբերի 13-ին հրապարակված մի տեղեկատվություն, որը հնարավոր չէ կեղծ համարել, քանի որ այն հաստատել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ըստ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության 14.10.2021թ. տեղեկատվական տեղեկագրի , «Հոկտեմբերի 13 -ին Սարսանգի ջրամբարի տարածքում գնդակոծվել է Ադրբեջանի Հանրապետության շինարարական տեխնիկայի շարասյունը, որն ընթանում էր ՄԱՏԱՂԻՍ – ԳԵՏԱՎԱՆ – ՎԱՆՔ երթուղով ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:

Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, երկու կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ, հետաքննում է հրադադարի ռեժիմի խախտումը»:

Մինչ այս պահը դեռ հայտնի կամ հրապարակված չեն վերոնշյալ հետաքննության արդյունքները, ու դժվար էլ թե հրապարակվեն…

Եթե Ադրբեջանի շինարարական տեխնիկայի շարասյունն իսկապես հայկական կողմից է գնդակոծվել, ապա դժվար չէ հասկանալ, որ դրա ետևում ՀՀ-ի և Արցախի դավաճաններն են կանգնած, որոնք դրանով Ադրբեջանին գրգռելով կամ, ավելի ճիշտ, նրա անհամարժեք պատասխանի համար առիթ տալով և իրավիճակի առավել սրմամբ նպատակ են հետապնդել հարվածել ռուսական խաղաղապահ առաքելությանը, Ռուսաստանին` փորձելով նսեմացնել այդ առաքելությունը և Ռուսաստանին ներկայացնել այնպիսի երկիր, որն ի վիճակի չէ պաշտպանել մեզ Արցախում և ապահովել մեր անվտանգությունը:

Բացի վերոնշյալից, լարվածության մեծացումը կարող է ունենալ նաև առաջիկայում «խաղաղության պայմանագրի» ստորագրումը հիմնավորելու և թշնամուն հետագա զիջումներն արդարացնելու նպատակ:

 

Ընդգծենք, որ իր ագրեսիվ գործողություններով, այլ նպատակների թվում, ճիշտ նույն` ՌԴ խաղաղապահ առաքելությունը և Ռուսաստանը վարկաբեկելու, նսեմացնելու նպատակն է հետապնդում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Հիմա պատկերացրեք, որ եթե հայկական կողմն է գնդակոծել ադրբեջանական շարասյունը, Մոսկվայից հեռախոսազանգով որտեղից և ինչ կարող էին ասած լինել Նիկոլին, այնպես որ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի ասածը, որ անհայտ պայմաններում Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակը հոկտեմբերի 13-ին վատթարացել է, վերոնշյալի շրջանակում արդեն դառնում է հասկանալի:

Հնարավոր է նաև, որ իրենց շարասյան ուղղությամբ կրակել են հենց Ադրբեջանի զինվորականները կամ հատուկ ծառայությունների աշխատակիցները, որպեսզի հիմք ստեղծեն Ադրբեջանի ԶՈւ հետագա ագրեսիվ գործողությունների համար, որոնք, ամենայն հավանականությամբ, չեն սահմանափակվի արդեն իսկ եղածով ու կհասցնեն մի հանգրվանի, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը Նիկոլից կպահանջի ավելին, քան եղած պայմանավորվածությունների շրջանակում կարող է խոստացած լինել ու տալ նա: Իրադարձությունների այսպիսի ընթացքը ու բազմակողմ հարվածների տակ ընկնելը կանխազգալու դեպքում նույնպես կարող էր վատթարանալ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի առողջական վիճակը:

 

Արթուր Հովհաննիսյան