Դադիվանքում ուխտագնացությունները վերականգնելու համար եռակողմ բանակցություններն ընթանում են․ Տեր Եսայի քահանա Արթենյան

Դադիվանքում ուխտագնացությունները վերականգնելու համար եռակողմ բանակցություններն ընթանում են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

«Արդյունքների մասին դեռ ոչինչ ասել չենք կարող։ Մենք հույս ունենք, որ դրական կլինի արդյունքը, և բանակցությունների արդյունքում ճանապարհն ուխտավորների համար բաց կլինի։ Չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ ժամանակահատվածում մենք արդյունքներ կստանանք»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 2-ից ադրբեջանական կողմն արգելել է ուխտավորների մուտքը Դադիվանք։ Սակայն, անցած շաբաթ՝ երբ Մոսկվայում հանդիպեցին Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ ալլահշուքյուր Փաշազադեի հետ, հայտարարվեց, որ հայ հոգեւորականների ու հավատացյալների այցերը Դադիվանք վերսկսելու պայմանավորվածություն է ձեռք բերել։