«Գրիր ինձ…» . Մարիամ Մերաբովայի մենահամերգը Երևանում

Ժամանակակից ջազի աստղ Մարիամ Մերաբովան Երևանում հանդես կգա նոր՝ «Գրիր ինձ…» («Напиши мне…») խորագիրը կրող մենահամերգով, որը կկայանա նոյեմբերի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Մերաբովան ելույթ կունենա Արմեն Մերաբովի «Miraif» նախագծի և ջազ-էստրադային նվագախմբի ուղեկցությամբ:

«Գրիր ինձ …»-ը նոր ծրագիր է, որը հատուկ պատրաստված է հայ ունկնդրի համար ՝ հաշվի առնելով երգչուհու ունեցած առանձնահատուկ վերաբերմունքը հայրենիքում իր համերգների նկատմամբ: Երգացանկում ներառված են երգեր մայրիկի, հայրենիքի, հարազատ ու սիրելի մարդկանց հանդեպ սիրո մասին, երգեր նվիրված զոհված հերոսների հիշատակին, ի փառս Հայաստանի որդիների ՝ անվերապահ հավատով հայ ժողովրդի ուժին ու իմաստությանը, նրա հզոր, խաղաղ, բարգավաճող, արդար և արժանապատիվ ապագային:

Համերգային ծրագրում կհնչեն դաշնակահար և կոմպոզիտոր Արմեն Մերաբովի հեղինակային երգերը գրված կնոջ՝ Մարիամ Մերաբովայի, խոսքերի հիման վրա: Հանդիսատեսը կլսի նաև գլուխգործոցներ խորհրդային ժամանակաշրջանի ոսկե ֆոնդից՝ Կոնստանտին Օրբելյան, Անդրեյ Էշպայ, Վադիմ Գամալեյ, Առնո Բաբաջանյան, Իգոր Կրուտոյ, Յուրի Բիրյուկով, Մարկ Մինկով, Վլադիմիր Վիսոցկի, Վալերի Զուբկով, Մարկ Ֆրադկին, Ժորժ Կառվարենց: Ինչպես նաև կհնչեն հեղինակային երգեր՝ գրված Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Վերոնիկա Տուշնովայի, Եվգենի Դոլմատովսկու, Մարինա Ցվետաևայի խոսքերի հիման վրա: Համերգային ծրագրին կմասնակցի երգահան, երգիչ Նոդար Ռեիիան: