ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Թաղավարդ համայնք

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Թաղավարդ համայնք և տեղում ծանոթացել ընթացիկ տարում պետական և բարեգործական միջոցներով իրականացված ծրագրերին:

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարը տեղում աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, քննարկել համայնքի՝ հրատապ լուծում պահանջող խնդիրները, զարգացման ծրագրերը, ինչպես նաև տեղահանված բնակիչներին բնակարաններով ապահովելու հարցը:

Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ առաջադրված բոլոր խնդիրները Կառավարության ուշադրության կենտրոնում են և, ըստ առաջնահերթության, համապարփակ կերպով կտրվեն դրանց լուծումները:

Այցի ընթացքում Հանրապետության նախագահին ուղեկցում էին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը: