ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերությունից երեկ վերադարձածներին

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկը, այցելել են Ադրբեջանում գերությունից երեկ վերադարձած անձանց:

Կիրականացվեն նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն ու անհրաժեշտ այլ գործողություններ։

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձել հինգ գերի՝ Մելս Կարապետի Ամբարդյանը, Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը և Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը։

Նրանցից 3-ին` Ռաֆիկ Կարապետյանին, Սեդրակ Սողոմոնյանին և Մելս Ամբարդանյանին, հուլիսի 23-ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի բանտում:

Այդ օրը 6 տարվա ազատազրկման էին դատապարտվել ևս 10 հայ ռազմագերի։ Դրանից բացի, Բաքվի դատարանում հուլիսի 22-ին նմանատիպ դատավճիռ էր կայացվել 13 հայ գերիներից բաղկացած մեկ այլ խմբի նկատմամբ, որոնց թվում նաև Ժորա Վանոյի Մանուկյանն էր։