Հղի կանայք առաջին պատվաստումից հետո ավելի դժվար են կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ ձեռք բերում. գիտնականներ

Հղի և կերակրող կանաց շրջանում կորոնավիրուսային պատվաստանյութի առաջին դեղաչափից հետո նկատվում է իմունիտետի նվազում: Այսպիսի եզրակացության են եկել Դյուկի համալսարանի գիտնականները (Հյուսիսային Կարոլինա) իրենց ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է երեքշաբթի Science Translational Medicine ամսագրում: Գրում է ՏԱՍՍ-ը:

Նրանց տվյալներով, Moderna,  Pfizer-ի և գերմանական BioNTech-ի պատվաստանյութի առաջին դոզայից հետո հղի և կերակրող կանայք ունեցել են հակամարմինների ավելի ցածր տոկոս և ընդհանուր առմամբ ավելի թույլ իմունային պատասխան համեմատած ոչ հղի կանանց հետ: Ընդ որում, ամբողջական պատվաստումից հետո ոչ հղի, կերակրող և հղի կանանց միջև եղած տարբերությունները չնչին էին: Միևնույն ժամանակ, կրծքով կերակրող կանանց շրջանում նկատվել է NK բջիջների ավելացում, որոնք, ի թիվս այլ բաների, պատասխանատու են բնածին իմունիտետի աշխատանքի համար:

Հետազոտության մասնակից կրծքով կերակրող և հղի բոլոր կանայք պատվաստվել են վերջին եռամսյակում, ինչը գիտնականների կարծիքով կարող է ազդել առաջին պատվաստումից հետո իմունային պատասխանի նվազման վրա: «Այս արդյունքները ենթադրում են, որ հղիության սկզբում պատվաստումը և հետագայում խթանող դոզան կօգնեն առավելագույնի հասցնել հակամարմինների փոխանցումը պլասենտայի և կրծքի կաթի միջով»,- եզրակացրել են հետազոտության հեղինակները: