ՊՆ-ը, ԱԺ-ն և քաղաքապետարանն արժանացան «Ժանգոտ կողպեք» մրցանակի

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխություն 2021-ի ժամանակ կենտրոնը յոթ տասնյակ լրագրողների շրջանում անցկացրած հարցումների հիման վրա ժանգոտ կողպեքներ շնորհեց երեք գերատեսչությունների։

«Տեղեկություն ստանալու իրավունքը հետևողականորեն խախտած պետական կառույց» անվանակարգում ունենք երկու հաղթող կառույց։ Առաջին «Ժանգոտ կողպեքը» կտրվի Պաշտպանության նախարարությանը։

Կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը հիմնավորեց, ինչպես Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, այնպես էլ լրատվամիջոցների ու լրագրողների բազմաթիվ հարցումներ, որոնք ուղղված են եղել ՀՀ պաշտպանության նախարարությանը մնացել են անպատասխան, կամ ստացել են խիստ ընդհանրական և/կամ անհիմն և ուշացած պատասխաններ։

Միաժամանակ հետպատերազմական ժամանակաշրջանում նախարարության կողմից տեղեկատվության ազատության իրականացումը ամենացածր գնահատականն է ստացել նաև ԻԱԿ-ի կողմից լրագրողների և ՀԿ-ների շրջանում իրականացրած հարցման արդյունքներով։ Հարցմանը մասնակցել են 70-ից ավելի լրագրողներ և ՀԿ ներկայացուցիչներ։ Գրեթե բոլոր հարցվածները ՊՆ-ն նշել են որպես փակ կառույցի թեկնածու։ Բացասական մրցանակի թեկնածուների անվանումների ցանկում ՊՆ-ը բացարձակ առաջատար էր։

«Տեղեկություն ստանալու իրավունքը հետևողականորեն խախտած պետական կառույց» անվանակարգում հաջորդ հաղթողը Երևանի քաղաքապետարանն է։ Այդ կառույցին տրվեց  «Ժանգոտ կողպեք» երկու հիմքով՝ չնայած ընդհանուր ՏԱ դրական պրակտիկային, ակնհայտ են տեղեկություն ստանալու կոնկրետ պահանջներ, որոնց դեպքում Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն խախտում է տեղեկություն ստանալու իրավունքը։ Միևնույն ժամանակ այդ իրավունքի վերականգնմանն ուղղված քաղաքացիների և ՀԿ-ների ջանքերը քաղաքապետարանի հետ հարաբերությունների մակարդակում մնացել են անարդյունք։

Որպես ՏԱ-ին սպառնացող նախաձեռնության հեղինակ բացասական մրցանակը տրվեց ՀՀ Ազգային ժողովին այս տարի օգոստոսի 2ից  լրագրողների իրավունքները սահմանափակող իրավական նոր կարգավորումներ ոչ մասնակցային մշակելու և ընդունելու, ինչպես նաև լրագրողական համայնքի առողջ քննադատությանը չլսելու համար: Oգոստոսի 2-ին ութերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկը զուգորդվել է խորհրդարանում լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղաշարժի խիստ սահմանափակումներով: Lրագրողական կազմակերպությունները իրենց հայտարարություններում ևս արձանագրել են որ խորհրդարանում իրականացված սահմանափակումները կիրառվել են առանց նախնական քննարկումների ու ԶԼՄ-ներին՝ աշխատանքային պայմանների փոփոխությունների մասին նախապես տեղեկացվելու։ Մասնագիտական համայնքի բոլոր դիտարկումները մնացել են անպատասխան։

ԻԱԿ ղեկավար Շուշան Դոյդոյանն օնլայն մրցանակաբաշխության ժամանակ այս կառույցներին խորհուրդ տվեց չխախտել «Արևի լույսի» իրավունքը, հասարակությանը չզրկել արևի լույսից, քանի որ միայն այն կարող է ոչնչացնել առկա բորբոսը։