Հիմա քարտեզի իրավական հիմքերի վրա ենք աշխատում․ Մհեր Գրիգորյան

«Որպեսզի մենք խոսենք սահմանների մասին, նախևառաջ պետք է լիարժեք հետազոտենք սահմանների հետ կապված իրավական ամբողջ բազան,- այսօր՝ հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:- Ընդ որում, իրավական այն բազան, որտեղ կա երկու երկրների համաձայնությունը, ստորագրությունը, կամ միացում ինչ-որ փաստաթղթի:

Դրանից հետո նոր հնարավոր կլինի խոսել քարտեզների մասին: Որովհետև քարտեզն ինքուրույն ընդամենը սխեմա է: Քարտեզի տակ պետք է լինի իրավական հիմք: Հիմա այդ իրավական հիմքերի վրա մենք աշխատում ենք, հետազոտում ենք, հավաքագրում ենք, և վերլուծելուց հետո նոր հնարավոր կլինի խոսել քարտեզների մասին, որոնց հիման վրա ինչ-որ գործընթացներ իրականացնելու նպատակով»,-ասաց նա:

Հիշեցմանը, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ եթե ադրբեջանական զորքերը հետ չքաշվեն, դժվար կլինի խոսել սահմանազատման ու սահմանագծման մասին, նա արձագանքեց. «Դա այլ հարց է, իհարկե մենք ունենք խնդիրներ, որոնք գործընթացները բավականին բարդացնում են, որովհետև առանձին վերցրած գործընթացները, այո, որոշակի տրամաբանություն կարող է ունենան, բայց ընդհանուր ֆոնը, իհարկե, պետք է լինի շատ ավելի բարենպաստ, այդ թվում գերիների մասով»:

Լրագրողներին հետաքրքրում էր նաև, թե արդյոք եռակողմ այդ բանակցություններում Թուրքիայի և Իրանի կարծիքը հաշվի առնվո՞ւմ է. «Եթե մենք խոսում ենք ապաշրջափակման մասին և եթե հավատում ենք այդ գաղափարին, բնականաբար, դա տարածաշրջանային նշանակություն ունեցող երևույթ է և մեր երկրի համար դա շատ կարևոր է: Որովհետև տարածաշրջանային դերակատարությունը խաղաղության հիմնական երաշխիքն է կամ երաշխիքներից մեկը: Այդ իմաստով տարածաշրջանային էֆեկտներ կան և, իհարկե, այլ երկրներ՝ Վրաստան, Իրան, առնչություն կունենան հետևանքների հետ, եթե մեզ հաջողվի ինչ-որ համաձայնությունների գալ: Բայց եռակողմ հարթակում քննարկումներին ներգրավելու մասով ոչ, չկա նման ոչ ձևաչափ, ոչ պայմանավորվածություն, ոչ էլ փաստ»,-ասաց փոխվարչապետը:

Նա ևս մեկ անգամ հայտարարեց, որ միջանցքի տրամադրման հարց չի քննարկվում և չի քննարկվելու:

Նկատառմանը, թե Ադրբեջանն ու Թուրքիան օրուգիշեր դրա մասին են խոսում, փոխվարչապետը նշեց. «Ավելի լավ է լսեք այն, ինչը ես եմ ձեզ ասում»: