Գազի գնի շուրջ բանակցությունները անընդհատ շարունակվող պրոցես է․ Մհեր Գրիգորյան

Գազի գնի շուրջ բանակցությունները անընդհատ շարունակվող պրոցես է։ Այս մասին լրագրողների հետ հադիպմանն ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Իրականության մեջ դա չի ընդհատվում ու այս պահին էլ ընթանում է։ Կարող եմ մեկ բան ասել՝ ըստ էության, սահմանին գազի գնի հետ կապված ու ՀՀ տարածքում գործող սակագնի հետ կապված մենք կոնսենսուս ունենք, որովհետև 2019 թվականից ծանր ու երկարատև բանակցությունների մեջ ենք եղել, կարծում եմ՝ բավականին խորը քննարկել ենք այդ հարցը ու որոշակի իմաստով համաձայնեցրել ենք»,- ասաց նա։

Մհեր Գրիգորյանի խոսքով՝ 2013 թվականի համաձայնագրի հիման վրա կառուցվել է 5-րդ էներգաբլոկը, որը ջերմակայան է։

«Կայանը, ցավոք, հիմա չի աշխատում, միևնույն ժամանակ, բոլոր ներդրումները, որ իրականացվում են Հայաստանում «Գազպրոմ» խմբի կողմից, նույն 2013 թվականի համաձայնագրի ուժով պետք է ունենա տարեկան շուրջ 9 տոկոս եկամտաբերություն։ Բնականաբար, կայանի կառուցումը լուրջ ու խոշոր ներդրում է, բայց դա այսօր չի գեներացնում այն հասույթը, որը կապահովի այն եկամտաբերությունը, որը պայմանավորված է 2013-ի համաձայնագրով, այդ հարցը մնացել է օրակարգում ու շարունակվում է քննարկվել։

Եթե հաջողվի այդ հարցին լուծում գտնել, ապա մենք կունենանք շատ կայուն իրավիճակ գազի գնի հետ կապված, չնայած, գիտեք, որ աշխարհում գինն առնվազն 940 դոլարի է հասել մեր 165-ի պարագայում, բայց, նույնիսկ այդ պարագայում, խնդիրներ չեն առաջանալու մոտակա տեսանելի ժամանակահատվածում, եթե մեզ հաջողվի 5-րդ էներգաբլոկի հետ կապված լուծումներ գտնել ու աշխատանքի այնպիսի օպտիմալ ռեժիմ գտնել, որը կապահովի 2013 թվականի համաձայնագրից բխող տրամաբանությունը», – ասաց փոխվարչապետը։