Արթուր Ղազինյանն ութերորդ անգամ չընտրվեց

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արթուր Ղազինյանն ութերորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

Հանձնաժողովի հոկտեմբերի 19-ի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունը կրկին ներկայացրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը: «Անցնող տարբեր նիստերում Ղազինյանն առիթ է ունեցել ներկայացնելու իր տեսլականը՝ հանձնաժողովի փոխնախագահի աշխատանքների համար, և պատասխանել բազմաթիվ հարցերի: Կարծում եմ՝ հարցերն էլ արդեն սպառված են: Այս հարցը շարունակում է մնալ թնջուկային՝ նիստից նիստ տեղափոխվելով»,- ասաց Մանուկյանը:

Նա վստահություն հայտնեց, որ ընդդիմության շարքերում բոլոր պատգամավորներն էլ կարող են լինել թեկնածու: Տվյալ դեպքում «Հայաստան»-ի նախընտրությունն է եղել Արթուր Ղազինյանը: «Կարծում եմ՝ ժամանակն է այս էջը փակել, կարծում եմ, որ իշխող խմբակցության պատգամավորները կարող են պարբերաբար տարբեր պատճառաբանություններ բերել, բայց մի հարց հստակ է՝ իշխող խմբակցությունը չի կարող «Հայաստան» դաշինքի փոխարեն որոշում կայացնել, պարտադրել իր որոշումը»,- ասաց Մանուկյանը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց՝ թեկնածությունը ներկայացրել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, հետաքրքրվեց, թե արդյոք Օհանյանը ցանկություն չունի՞ ինքը ներկայացնելու կոնկրետ թեկնածուին: Գեղամ Մանուկյանն արձագանքեց՝ խմբակցությունն ինքն է որոշում:

«ՔՊ-ն որևէ իրավասություն չունի Դոնթի բանաձևով ձեզ հատկացված տեղը իրենով անելու: Դա ձեր իրավունքն է: Դուք անընդհատ կարող եք ներկայացնել: Բայց քանի որ մենք գտնվում ենք իրական փակուղու մեջ, տեսնում ենք փակուղուց դուրս գալու իրավական լուծում: Տեղը կրկին մնալու է ձերը, դուք ունեք հնարավորություն՝ թեկնածուին փոխելու»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով ընդդիմությանը:

Քվեարկությամբ Ղազինյանը չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: