ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ՔՊ-ն, այսինքն` Նիկոլը, խայտառակ պարտություն կրեց, բարելավվեցին ընդդիմադիրների դիրքերը

Իսկ ինչո՞ւ խայտառակ… Բա էլ ի՞նչ… «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտություն կրեց նույնիսկ Գյումրիում, որտեղից Նիկոլը, իշխանությանը տիրելուց և Արցախն ու Հայաստանը կործանման տանելուց առաջ, սկսել էր անիծյալ քայլարշավը: Հասկանո՞ւմ եք` Գյումրիում, որտեղ Նիկոլի ընտրազանգվածը, եթե չեմ սխալվում, ամենամեծն է ողջ Հայաստանում, և որի բնակչության առջև խոնարհվելու, նրան իր կեղծ սերն արտահայտելու, շատերի` գառան միամտությունից օգտվելով, նրանց մոլորեցնելու, զոմբիացնելու համար Նիկոլն անցած ժամանակաընթացքում ջանք ու եռանդ չէր խնայել:

Այո, նույնիսկ գյումրեցին, ի վերջո, Նիկոլին ցույց տվեց իր տեղը. ըստ Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքների, «Բալասանյան»‰ դաշինքը ստացել է  ձայների 36.58 տոկոսը, ՔՊ-ն` 29.56 տոկոսը, «Զարթոնք»‰ կուսակցությունը՝ 10.60 տոկոսը, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 5:65, իսկ ՀՀԿ-ն` 5.06 տոկոսը:

Այսպիսով, պաշտոնական տվյալների համաձայն, ՔՊ-ն Գյումրիում ստացել է քվեների ընդամենը 29.56 տոկոս, և սա էլ, նկատենք, նույնիսկ այն դեպքում, երբ ՔՊ-ն քարոզարշավի համար միջոցներ չի խնայել, ընտրությունների ընթացքում Գյումրիում, ՔՊ-ի գրասենյակի մոտ ցուցակով երիտասարդներ են արձանագրվել (տեսագրվել), Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ընտրություններից առաջ, իբրև սոցիալական աջակցություն, 50 000-ական դրամներ է բաժանել քաղաքացիներին (երբ Սյունիքի որոշ համայնքապետերի կողմից սոցիալական աջակցության տրամադրումն իշխանության ու նրա կամակատար իրավապահների կողմից ընտրակաշառք որակվեց, ինչո՞ւ Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի բաժանած գումարները չպետք է համարել սոցիալական աջակցության անվան ներքո ընտրակաշառքի բաժանում…):

Կիրառվել են նաև այլ հնարքներ, օրինակ, ինչպես տեղեկացրել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում, հոսանքազրկումներ են տեղի ունեցել Գյումրու 31/31, 31/43 ընտրատեղամասերում: Փաստորեն նախորդ` համապետական ընտրություններում փորձված հնարքը կրկին կիրառվել է:

Տպավորիչ և ոգևորող է «Զարթոնք» նորելուկ կուսակցության ունեցած հաջողությունը, որը, փաստորեն, ՀՀԿ-ից երկու անգամ շատ ձայներ է ստացել, եթե հաշվի առնենք, թե իշխող ՔՊ-ի թեկնածուն ինչպես է ստացել իր ձայները, ապա, համեմատության մեջ, «Զարթոնք»-ի ստացած ձայներն էլ ավելի տպավորիչ են:

Հուսանք, որ գյումրեցիները վերջապես հասկացան, որ Նիկոլի ու ՔՊ-ի «Ապագա կա»-ն Գյումրիի, ողջ ՀՀ-ի և Արցախի կործանման ապագան է:

Իշխանության ներկայացուցիչներից ու նրանց յուրայիններից ոմանք ոմանք թերևս փորձեն «կռուտիտների» դիմել ու հերքել, թե հանրապետության` մեծությամբ երկրորդ քաղաքում ՔՊ-ն պարտվել է, ու դա փորձեն բացատրել նրանով, թե ընտրությունների արդյունքները Գյումրիի ոչ բոլոր ընտրողների դիրքորոշումն են արտահայտում, քանի որ նրանց մեծ մասը երեկվա ընտրություններին չի մասնակցել, և եթե մասնակցեին, իբր թե կհաղթեր ՔՊ-ի թեկնածուն: Այո, Գյումրիում անցկացված ՏԻՄ ընտրություններին գրանցվել է ամենացածր մասնակցությունը` ընդամենը 24.14 տոկոս (համեմատության համար նշենք, որ հոկտեմբերի 17-ին ՀՀ-ում անցակցված ՏԻՄ ընտրություններին մասնակցել են ընտրողների 33.23 տոկոսը):

Սակայն, ընտրություններին ընտրողների մեծ մասի չմասնակցելու փաստից բացի, պետք է նկատի ունենալ, որ նրանց չմասնակցելը պասսիվ  բոյկոտ, մերժում է ընտրություններին իրենց թեկնածուին առաջադրած բոլոր կուսակցություններին (որոշներին չճանաչելու պատճառով, որոշներին հենց ճանաչելով): Ընդ որում, նրանց չմասնակցելն, առաջին հերթին, պասսիվ  բոյկոտ, մերժում է հենց իշխող ուժին` ՔՊ-ին, քանի որ մարդիկ հուսախաբված, հիասթափված են նրա վարած, այդ թվում նաև Շիրակի մարզպետի միջոցով իրականացվող ներքին քաղաքականությունից, ինչպես նաև Նիկոլի ու նրա իշխանության վարած դավաճանական արտաքին քաղաքականությունից:

Նիկոլն ու իր ՔՊ-ի կրած պարտությունը խայտառակ է նաև այն առումով, որ չնայած հայոց միջնաբերդը` Սյունիքը գրավելու իրենց ջանքերին, չնայած իշխանության կողմից կարմիր ու սև բերետավորներին այնտեղ գործի դնելուն, Նիկոլին քննադատողին ասֆալտին փռելուն, քաղաքական հետապնդումներին, ճնշումներին, մարդկանց ահաբեկելուն, վախի մթնոլորտ ստեղծելուն և այն տարածելուն, ըստ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի, ՔՊ-ի կողմից ընտրողների ուղղորդումների դեպքերին, ընտրախախտումներին, ինտրիգներ ստեղծելու և խառնակչական գործողություններ ծավալելու փորձերին, իշխանությունները Գորիսում պարտվեցին Առուշ Առուշանյանին:

Ըստ նախնական տվյալների, ձայների բացարձակ առավելությամբ «Առուշ Առուշանյան» դաշինքը հաղթել է Գորիսի ՏԻՄ ընտրություններում` ստանալով 6254 քվե, ՔՊ-ի օգտին քվեարկել է ընդամենը 3590, ՀԱԿ-ի օգտին` 243 ընտրող։ ՔՊ-ն պարտվել է նաև Մեղրի համայնքում, Տաթևում նրա հաջողությունը մեծ հարցականի տակ է:

Նիկոլն ու ՔՊ-ն, ընդհանուր առմամբ, տանուլ տվեցին երեկվա ՏԻՄ ընտրություններում (միայն երկու համայնքում են հաջողություն ունեցել), որովհետև իրենց հանդեպ ծնել են ահավոր ատելություն, և այն գնալով աճում է, որովհետև արդեն շատերը, շատ-շատերն են հասկանում, որ Նիկոլը չարագործ է, թշնամի է, ստախոս է, կեղծարար է, վախկոտ է, անկիրթ է… Հասկանում են նաև, որ Նիկոլն ու ՔՊ-ն իրենց անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովողը չեն, հակառակը` օրեցօր առավել առարկայական կերպով իրենց առողջությունը. կյանքն ու գույքը վտանգողն են, իրենց ոչ թե սոսկ աղքատության, այլ ընչազրկության մատնածն են, հարվածել են իրենց և՛ հոգուն, արժանապատվությանը, և՛ գրպանին, ստամոքսին:

Իրավավացի է հոգեբան Միհրդատ Մադաթյանը` պատմությունը կրկնվում է. նախկինում էլ Սյունիքից սկսվեց հաղթանակը (Նժդեհ)։ Հիմա էլ նույն իրավիճակն է` Սյունիքում սկսեց կերտվել հաղթանակը։

 

Արթուր Հովհաննիսյան