Թուրքերը «նեղացել» են Ռուսաստանից և Իրանից ու․․․ «լրտեսներ են բռնում»

Սկանդալ է հասունանում Ռուսաստանի և «եղբայր» Թուրքիայի, ինչպես նաև Թուրքիայի և Իրանի միջև: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ինչպես մենք կարող ենք հասկանալ, ահավոր «վիրավորված» էր Մոսկվայից և Թեհրանից՝ ինչպես Սիրիայում «Մեծ Իդլիբ» տարածքի, այնպես էլ Կասպից ծովի և հյուսիսային Իրանի հետ սահմանակից տարածքների պատճառով: Իսկ սա նաև  մեր Արցախի օկուպացված հատվածն է…

Սկզբից հոկտեմբերի 9-ին, Թուրքիայի իրավապահ մարմինների աշխատակիցները հայտարարեցին, որ լրտեսության կասկածանքով ձերբակալել են վեց մարդու: Իսկ խուզարկության ժամանակ նրանք կալանավորվածների մոտ հայտնաբերել են… ռուսական անձնագրեր: CNN Türk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կասկածյալները ենթադրաբար հարձակում էին ծրագրել օտարերկրացիների վրա և փորձել էին գաղտնի տեղեկություններ ստանալ: Ոստիկանության աղբյուրները հեռուստաալիքին հայտնել են նաև, որ ամբողջ խումբը հսկողության տակ է վերցվել Թուրքիա մտնելուց անմիջապես հետո: Հաղորդվում է նաև, որ խմբի անդամներին բերման ենթարկելու ոստիկանության հատուկ գործողությունը միաժամանակ տեղի է ունեցել Ստամբուլում և Անթալիայում: Խուզարկության ընթացքում ձերբակալվածների մոտ զենք, էլեկտրոնային սարքերում ձևակերպած տարբեր փաստաթղթեր և ռուսական անձնագրեր են հայտնաբերվել: Միաժամանակ լրագրողները պարզաբանում են, որ իրավապահ մարմինները դեռ չեն հասցրել պարզել՝ փաստաթղթերը բնօրինա՞կ են, թե կեղծ: «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունն իր հերթին հաղորդել է, որ ռուսական կողմը դեռ չունի այս տեղեկատվության պաշտոնական հաստատում: Իսկ վերջին օրերին Մոսկվան, և նույնիսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի մակարդակով, կտրականապես հայտնեց, որ Ռուսաստանի իշխանություններին ոչինչ հայտնի չէ Թուրքիայում ձերբակալված «Ռուսաստանի որևէ քաղաքացու» մասին, ավելին՝ այս երկրում «ռուսական լրտեսության» մասին…

Իսկ հոկտեմբերի 14-ին թուրքական «Hurriyet Daily News» թերթը հայտնեց, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) և ոստիկանությունը երկրի արևելքում հայտնաբերել են իբր իրանական լրտեսական ցանց: 8 հոգուց բաղկացած այս ցանցը, ներառյալ իրանցի 2 գործակալ, ոչնչացվել է MIT-ի և ոստիկանության համատեղ գործողության արդյունքում դեռ սեպտեմբերի 24-ին, հայտնել է «Hurriyet Daily News»-ը: Ենթադրաբար, իրանական հետախուզության գործակալները փորձել են ցանց ստեղծել Վան նահանգում… իրանցի նախկին զինվորին առևանգելու համար: Իրանցիներն ունեին 30.000 ԱՄՆ դոլար: Իրանցիները և նրանց հանցակիցները 10.000 ԱՄՆ դոլար էին առաջարկում նախկին զինվորի կնոջը` նրան առևանգելու հարցում օգնություն ստանալու համար: Զինվորի կնոջը սպառնացել են, որ հրաժարվելու դեպքում Իրանում ապրող հարազատները կտուժեն: Սեպտեմբերի 24-ին, տեղական ժամանակով մոտ 21.00-ին, թուրք ոստիկաններն ու MIT-ի աշխատակիցները ձերբակալեցին իրանական հետախուզության սպային և Թուրքիայի քաղաքացուն, ովքեր գնացել էին իրանցի նախկին զինվորին առևանգելու: Ավելի ուշ ձերբակալվել է ցանցի ևս 6 անդամ:

Ինչպես կարող են նկատել Հայաստանի քաղաքացիները, Էրդողանի «վիրավորանքը» բառացիորեն ահռելի է. նա միաժամանակ «վրաերթ է կատարում» այսպես կոչված «Աստանայի գործընթացում» [Սիրիայում կարգավորման ուղղված բանակցությունները] մասնակցող միանգամից երկու գործընկերների դեմ, ինչպես նաև՝ այսպես կոչված Արցախում հրադադարի ռեժիմի վերահսկման մոնիթորինգի համատեղ կենտրոնի իր գործընկերոջ վրա: Բացարձակ կասկած չկա, որ «ռուսական անձնագրերով» և «իրանական հետախուզական ցանցի անդամների» (այն էլ Վանում…) ձերբակալությունների մասին հայտարարություններից հետո Էրդողանը կփորձի Մոսկվային և Թեհրանին «սակարկություններ» առաջարկել: Բայց, ախր՝ այժմ, օրինակ, Իրանի իշխանություններն արդեն մերժել են Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի առաջարկած «սակարկությունները», և մեր կարծիքով՝ իրանական կողմը նույնպես կմերժի Էրդողանի հավանական «սակարկությունների առաջարկը»: Իրանը հաստատակամ է իր պահանջների հարցում՝ ինչպես Սիրիայում, Իդլիբի և Գոլանի բարձունքների, այնպես էլ Անդրկովկասի տարածաշրջանում. 1) ահաբեկչական գործոնը պետք է վերացվի. 2) թուրքերը Կասպից ծովում նույնիսկ հայտնվելու իրավունք չունեն. 3) Իսրայելի «ներկայությունը» (ինչպես Գոլանյան բարձունքներում, այնպես էլ Իրանի սահմանների երկայնքով) պետք է բացառվի:

Սկզբունքորեն մնում է պարզաբանել միայն տվյալ հարցի հնարավոր պատասխանները՝ Ռուսաստանը և Իրանը Էրդողանի նոր «նախաձեռնությամբ» «կզբաղվեն» համատե՞ղ, թե՝ առանձին: Իդլիբում նրանք միասին են գործում-աշխատում: Բայց Գոլանի բարձունքներում Իրանը գործում է բացառապես սիրիական բանակի և շիա կամավորների հետ համագործակցությամբ և փոխգործակցությամբ: Հարցի էությունն այն է, թե՝ արդյոք Ռուսաստանը որևէ փաստարկ ունի՞ մերժելու Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն-Ամիր Աբդոլլահիանի վերջին առաջարկը`Կասպից ծովում Թուրքիայի դեմ ուղղված «ապտակի» մասին, ինչպես նաև Իրանի հյուսիսային սահմաններից տարբեր ահաբեկիչների և Իսրայելի հեռացման համատեղ գործողությունների վերաբերյալ:

Սերգեյ Շաքարյանց