Պենտագոնում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են Ուկրաինայի և Վրաստանի համար

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հաջորդ շաբաթ Ուկրաինա և Վրաստան կատարելիք այցի ընթացքում կքննարկի ՆԱՏՕ-ին երկու երկրների անդամակցության հեռանկարները:

«Օսթինը և՛ Վրաստանում, և՛ Ուկրաինայում ընդգծելու է, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են, և կոչ անելով այդ երկրներին կատարել անհրաժեշտ փոփոխությունները պաշտպանական դաշինքի անդամակցության պահանջներին համապատասխանելու համար», – պատմել են Ամերիկյան ռազմական գերատեսչությունում: Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ երկրները «գտնվում են ռուսական ագրեսիայի առաջնագծում»:

Բացի դրանից, Օսթինը կայցելի նաև Ռումինիա: Նա երեք երկրների ղեկավարների հետ կքննարկի Սև ծովի իրավիճակը:

«Բոլոր երեք երկրներն էլ սահմանակից են Սև ծովին, ուստի Օսթինը կխոսի այդ երկրների ղեկավարների հետ անվտանգության մասին, կփորձի ամրապնդել այս երկրների միջև համագործակցությունը», – նշել են Պաշտպանության նախարարությունում:

Պենտագոնի ղեկավարը կհանդիպի այս երկրներում տեղակայված ամերիկացի զինվորների հետ:

Ռուսաստանը բազմիցս հերքել է հարևան պետությունների գործերին միջամտելու մասին ԱՄՆ-ի մեղադրանքները:

2021 թվականի ամռանը Բրյուսելում դաշինքի գագաթնաժողովում ՆԱՏՕ -ի ղեկավարները պաշտպանեցին Ուկրաինային և Վրաստանին դաշինքին միանալու իրավունքը, հայտարարեցին բարեփոխումները շարունակելու անհրաժեշտության մասին, սակայն չնշեցին այդ երկրների կազմակերպություն մուտքի ժամկետները: Անցած շաբաթ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ չի կարող ասել, թե երբ տեղի կունենա՝ հավելելով, որ «դա վաղը չի լինի»: