Արցախի համար նախատեսված մարդասիրական 10 տոննա բեռը հասցվել է Երևան ՌԴ ՕՏՈւ Իլ-76ՄԴ ինքնաթիռով

Ռուսաստանի oդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76ՄԴ ինքնաթիռով Երևան է հասել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը, որը նախատեսված է Լեռնային Ղարաբաղի համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության` բարեգործական կազմակերպությունների հավաքած օգնությունն ուղարկվել է Մոսկվայի մարզի «Չկալովսկի» օդանավակայանից։

«Հրամանատարը խնդիր էր դրել իրականացնել 10 տոննա մարդասիրական օգնության տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն։ Խնդիրը կատարվել է հստակ և համակարգված»,-ասել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ներկայացուցիչ Սեմյոն Բլեսը։

Հայաստան հասած խմբաքանակում նաև սարքավորումներ կան, որոնք նախատեսված են Արցախի հեռավոր շրջաններում, սահմանազատման գծում գտնվող կրթական հաստատությունների համար։ Մարդասիրական բեռն Արցախ կհասցնի ռուսական խաղաղապահ զորախմբի ավտոշարասյունը։

«Մոսկվայում է հավաքվել ԼՂ-ի համար նախատեսված մարդասիրական օգնությունն ու ռուս խաղաղապահների օգնությամբ տեղափոխվել Մոսկվայից։ Հուսով եմ, որ մեր հետագա համագործակցությունը ևս կլինի բարենպաստ, ինչպես հիմա է։ Շնորհակալություն բոլորին, Ռուսաստանի Դաշնությանն ու խաղաղապահ զորախմբին»,-ասել է «Մերսի» բարեգործական բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Ալեսյա Պոդոլսկայան։

«ՀՀ է բերվել սննդամթերք, խաղալիքներ, գրենական պիտույքներ, ծորակներ, Էլեկտրական վառարաններ։ Այդ ամենը հետագայում կտեղափոխվի մանկապարտեզներ, դպրոցներ, կփոխանցվի բազմազավակ ընտանիքներին, կարիքավորներին, տեղահանվածներին, նաև նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին։