Այս հայտարարությունները թշնամու համար ուղղակի կանաչ լույս են հետագա հարձակումների համար. 2

Դժվար չէ պատկերացնել, թե Ալիևը դրա համար որքան շնորհակալ է Նիկոլին և Արայիկին

 

Սկիզբը` այստեղ 

Լայնամասշտաբ պատերազմ չի լինի, քանի դեռ Արցախում են ռուս խաղաղապահները, բայց նման սադրանքներ լինելու են. Դավիթ Բաբայան

 

Անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերին, որոնց արդյունքում Արցախի պաշտպանության բանակից 6 վիրավոր ունեցանք, Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանն ասել է. «Սա Ադրբեջանի կողմից սադրանք է, և այդպիսիք էլի են լինելու, պետք է պատրաստ լինենք դրան»:

Իսկ ի՞նչ է նշանակում սադրանք: Այս բառը նման դեպքերում շատ հաճախ է օգտագործվում քաղաքական գործիչների և այլոց կողմից, բայց այն տպավորությունն է առաջանում, որ բոլորը չէ, որ գիտակցում են տվյալ բառի իմաստը:

Ըստ Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի 4-րդ հատորում (Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, հատոր 4 Երևան, 1980, էջ 257), «սադրանք» բառի դիմաց գրված բացատրության, այն նշանակում է թելադրանք, գրգռում մի վատ բան անելու:

Բնականաբար, հարց է առաջանում, թե այս դեպքում ո՞րն է ադրբեջանական սադրանքի նպատակը` Արցախի ՊԲ-ին դրդելը, որ համարժեք, պակաս կամ ավելի ուժգին կերպով պատասխանի իրենց հարվածներին, կրակոցներին, որպեսզի պատերա՞զմ սկսվի…  Բայց հենց ինքը` Դավիթ Բաբայանն է NEWS.am-ի հետ զրույցում  ասել. «Պետք է հասկանալ, որ լայնամասշտաբ պատերազմ հնարավոր չէ, քանի դեռ Արցախում են ռուս խաղաղապահ ուժերը»:

Այդ դեպքում առաջանում է հաջորդ հարցը` իսկ Արցախի ՊԲ-ն ինչո՞ւ չի պատասխանում, ընդ որում, հենց այդ հարվածների, կրակոցների ժամանակ կամ դրանցից անմիջապես հետո և այն ուղղությամբ, որտեղից կրակել են, հասցրել հարվածը:

Եվ, ընդհանրապես, Արցախի պաշտպանության նախարարությունը նման դեպքերում մինչև ե՞րբ պետք է անգործություն դրսևորի, չպատասխանի թշնամուն, դրա փոխարեն հայտարարի ` «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից», հաջորդ օրը` հոկտեմբերի 15-ին, ՊԲ սանիտարական մեքենայի վրա արձակված կրակոցներից հետո դարձյալ հանդես գա նույն հայտարարությամբ :

Այո, մինչև ե՞րբ պետք է թշնամու գործողություններին «Ադրբեջանի կողմից սադրանք է», «ադրբեջանական սադրանք» բնորոշումները տրվեն` դրանով, ըստ էության, վերոնշյալ անգործությունը հիմնավորելու և հանրության շրջանում այն տպավորությունը ստեղծելու համար, թե մենք խելացի ենք ու տուրք չենք տալիս Ադրբեջանի սադրանքներին: Հնարավոր չէ չհասկանալ (ուրեմն հասկանալով է վերոնշյալ անգործությունը դրսևորվում), որ թշնամու նպատակը Արցախի բնակչությանը վախեցնելն է, նրա մոտ անպաշտպանվածության զգացում առաջացնելը և շարունակական գործողություններով այն ամրապնդելը, դրանց արդյունքում Արցախի հայաթափմանը հասնելը և, ի վերջո, Արցախից մնացած փոքր մասն էլ կլանելը:

Որքան էլ Արցախի իշխանության առանձին ներկայացուցիչների կողմից արցախցիներին կոչ արվի չվախենալ, խուճապի չմատնվել, պատրաստ լինել Ադրբեջանի սադրանքներին, որոնք էլի են լինելու (թե ինչպես պետք է պատրաստ լինեն, սա էլ է անհասկանալի, թշնամու կրակոցներին, հարվածներին չպատասխանելուն ըմբռնողաբար մոտենալո՞վ…), պետք է իրատես լինել ու գիտակցել, որ այդ կոչերը կարող են արդյունք տալ միայն կարճ ժամանակահատվածում: Դժվար թե բոլորը կարողանան անորոշ երկար ժամանակով ապրել թշնամու կրակոցների տակ, երբ վտանգված է իրենց ոչ միայն տունը, մնացյալ գույքը, այլև կյանքը, և այդ վիճակը մեկ օր չէ, երկու օր չէ, 1 ամիս չէ, 2 ամիս չէ…

Շատուշատ մարդկանց նյարդերը մի օր տեղի կտան ու նրանք կհեռանան Արցախից (եթե արդեն իսկ…), և թշնամին հենց դրա վրա է իր ծրագիրը կառուցել, զուգահեռաբար հետապնդելով նաև Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը վարկաբեկելու նպատակ:

Արցախի արտգործնախարարն ինքն էլ շատ ճիշտ գնահատելով իրավիճակը, ասել է, որ Ադրբեջանի գլխավոր նպատակներից մեկը հենց մեզ վախեցնելն է, և որ նրանք տարբեր նպատակներ են հետապնդում, բացի այդ, փորձում են «հարվածել ռուս խաղաղապահ առաքելությանը, սա ուղղակի հարված է նաեւ Ռուսաստանին՝ փորձում են սրանով նսեմացնել այդ առաքելությունը, Ռուսաստանի ցույց տալ որպես այնպիսի երկիր, որն ի վիճակի չէ պաշտպանել: Մենք մեր խուճապով նպաստում ենք դրան»:

Խնդիրը, սակայն, այն է, որ դրան նպաստում են նաև, ընդ որում, առաջին հերթին, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի պաշտպանության նախարարն ու նրա հրամանատարության ներքո գտնվող Արցախի ՊԲ-ն` թշնամու հարվածների, կրակոցների դեպքում իրենց անգործությամբ, դրանց պատասխանելու փոխարեն, հրադադարի պահպանման ռեժիմին հավատարիմ մնալու «երդումներով», խաղաղասիրական հայտարարություններով հանդես գալով ու Ադրբեջանի ԶՈւ ագրեսիվ գործողություններին պատասխանելու պարտականությունը թողնելով ռուսական խաղաղապահ զորակազմին:

 

Արթուր Հովհաննիսյան