Ալիևն ընդունել է, որ 44-օրյա պատերազմը սկսվել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փաստացի ընդունել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմը սկսվել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Նա մասնավորապես ասել է․ «Մենք պետք է ազատագրեինք մեր հողերը։ Բազմիցս դիմելով ադրբեջանցի ժողովրդին և նախկին տեղահանվածների հետ իմ հանդիպումների ժամանակ ես ասել եմ, որ մենք պետք է ամեն գնով ազատագրենք մեր հողերը»:

Այս մասին Ալիևը ասել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Նշենք, որ սեպտեմբերին Ալիևը «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում խոսել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պատերազմի ընթացքում շփումների մասին:

Հարցերից մեկին պատասխանելիս Ալիևը պնդել է, թե Հայաստանն է սեպտեմբերի 27-ին ռազմական գործողություններ սկսել ու սանձազերծել պատերազմը։

«Պաշտպանության նախարարն ինձ զեկուցեց, որ շփման գծում և որոշ բնակավայրերում մեր դիրքերը ենթարկվել են Հայաստանի կողմից հրետանային կրակի: Որոշվեց համարժեք պատասխան տալ, և այդպիսով մենք մտանք պատերազմ, որը, ինչպես պարզվեց, անխուսափելի էր:

Իրադարձությունները շատ արագ զարգացան: Ռազմական գործողությունների առաջին օրվանից հետո ադրբեջանական բանակը ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ գրավեց Քելբաջարի (Քարցաճառ) շրջանում, Մուրովդագի (Մռավ) լեռներում՝ Ագդերեի ուղղությամբ, ինչպես նաև վեց գյուղ՝ չորս Ֆիզուլիում (Վարանդա) և երկուսը Ջեբրաիլի (Ջրական) շրջանում:

Նույն օրը մեզ հաջողվեց ճեղքել հակառակորդի պաշտպանության առաջին գիծը, և դրանից հետո բոլոր 44 օրերը մենք միայն առաջ գնացինք»,-պարբերականին պատմել է Ալիևը:

Նշենք, որ Ալիևը բազում անգամներ նշել է, որ պատերազմը սկսել է պաշտոնական Բաքուն։ Օրինակ՝ այս տարվա օգոստոսին թուրքական CNN Тürk հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը (ուղիղ մեջբերում). «Ադրբեջանը սկսեց «Ազատագրական պատերազմը, ազատագրեց իր պատմական հողերը նվաճողներից»։

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։