Մեկ տարի առաջ այս օրը Հադրութում անմահացավ ոստիկանության կապիտան Արսեն Հարությունյանը

Փա՛ռք և հավերժ հիշատակ հայրենիքի պաշտպանության համար անմահացած բոլոր ոստիկաններին։

Մեկ տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին, Հադրութի շրջանում անմահացավ ոստիկանության կապիտան Արսեն Հարությունյանը: Այսօր հերոսի հիշատակի օրն է:

Արսեն Հարությունյանի մահվան առաջին տարելիցի կապակցությամբ, այսօր ոստիկանության համակարգի մի խումբ ծառայողներ՝ ոստիկանության պետի տեղակալ Վրույր Խաչատրյանի, տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Իգոր Օհանյանի, Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ Բորիս Ջալավյանի գլխավորությամբ այցելել են Երևան:

Եռաբլուր-պանթեոնում հերոսի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել և հուշաքարին ծաղիկներ են խոնարհել նաև ոստիկանության նախկին պետ՝ ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանը, ՀՀ-ում Արցախի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը:

ՆԳՆ ոստիկանության ծառայողներն իրենց զորակցությունն են հայտնել Արսեն Հարությունյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին:

Արսեն Կարենի Հարությունյան

Ծնվել է 1983թ. հունվարի 23-ին Ստեփանակերտ քաղաքում։

2001-2003թթ.ծառայել է ԶՈւ շարքերում։

2003թ.հուլիսի 24-ից ծառայության է անցել ԼՂՀ ոստիկանության քննչական մեկուսարանում։

2018թ.հուլիսի 31-ին նշանակվել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար։

Ուներ ոստիկանության կապիտանի կոչում։

Սեպտեմբերի 27-ից՝ ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմի հետ մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղված թեժ մարտերին:

Զոհվել է 2020թ.հոկտեմբերի 16-ին՝ Հադրութի շրջանի «Թութակ» տեղամասում։

ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Հանգչում է Երևանի Եռաբլուր-պանթեոնում:

 

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն