Բրիտանական թագավորական ընտանիքը հրավիրվել է Ղրիմ

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը ջերմ ընդունելության է արժանանալու Ղրիմում։ «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը ասել է Ղրիմի խորհրդարանի ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Յուրի Գեմպելը:

«Ղրիմը բաց է բոլորի համար, այդ թվում՝ բրիտանական թագավորական ընտանիքի անդամների համար։ Նրանց այստեղ ջերմորեն կդիմավորեն և ցույց կտան Ղրիմի ամբողջական գեղեցկությունը։ Նրանց հիացնելու է ռուսական Ղրիմը»,- ասել է նա։

Խորհրդարանականի խոսքով՝ վերջին տարիներին աշխարհում զգալիորեն փոխվել է կարծիքը թերակղզու վերաբերյալ, որը համաշխարհային հանրությունն այժմ ընկալում է որպես բնիկ ռուսական հող և Ռուսաստանի անբաժանելի մաս:

Ավելի վաղ Բրիտանիայի թագավորական արքունիքը պատասխանել էր Սևաստոպոլի «Գիտությունների փոքր ակադեմիայի» դպրոցականների նամակին, որի հետադարձ հասցեն նշված է Ռուսաստան: