Կամավոր ատեստավորման արդյունքներով հավելավճար կստանա ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47,2 տոկոսը․ ԿԳՄՍ փոխնախարար

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է

«Կամավոր ատեստավորման արդյունքներով հավելավճար կստանա ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47,2 տոկոսը։ Ատեստավորմանը մասնակցել է դիմած ուսուցիչների 72,6 տոկոսը կամ շուրջ հազար ուսուցիչ: Բարձր արդյունքներ են գրանցվել հատկապես մաթեմատիկա առարկայից, որին մասնակցած ուսուցիչների շուրջ 87 տոկոսը կստանա հավելավճար և ֆիզիկա առարկայից՝ 56 տոկոս ցուցանիշով։

Հիշեցնեմ, որ հավելավճարի շեմը իջեցվել է՝ 30 տոկոս հավելավճար տրվում է 70-79 տոկոս արդյունքի համար, 40 տոկոս՝ 80-89 տոկոսի դեպքում, 50 տոկոս՝ 90 և ավել արդյունքի դեպքում։

Հավելավճարը գործում է ուսուցչի հիմնական աշխատավարձի նկատմամբ։ Այսինքն, եթե ուսուցիչը դասավանդում է հայոց պատմություն և համաշխարհային պատմություն, ապա նրա ամբողջական աշխատավարձի տոկոսն է հաշվարկվում, ոչ թե հայոց պատմության դասաժամերի վարձատրության։ Սա նշում եմ, որովհետև նաև նման հարցեր ենք ստանում։

Ուսուցիչներին արդյունքներն ուղարկվում են անհատապես, ներկայացված էլեկտրոնային հասցեների միջոցով։Արդյունքները ստանալու հաջորդ օրվա ընթացքում ուսուցիչները կարող են բողոքարկել։ Առաջիկա օրերին բոլոր այն ուսուցիչները, որ դեռ չեն ստացել, կստանան ատեստավորման արդյունքը հավաստող նամակները։

Փորձնական փուլի արդյունքներով և ստացած դիտարկումների հիման վրա ծրագիրը կլրամշակվի։

Շնորհակալություն բոլոր մասնակցող ուսուցիչներին։

Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր արդեն իսկ հոկտեմբեր ամսվանից սկսած կսկսեն ստանալ սահմանված հավելավճարը։ Սա առաջին փուլն է։ Վարձատրության շարունակական բարձրացման մեխանիզմը հնարավորություն է տալու հետագայում ևս շարունակաբար ավելացնել ուսուցչի վարձատրությունը»։